menu
person

Իմաստուն բուդդայական մտքեր (մաս 5-րդ)

 


 

   Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը»

Ձգտեք ոչ մեկին վնաս չպատճառել, նույնիսկ փոքրիկ միջատներին: Չէ՞ որ նրանք նույն զգացումներն ունեն, ինչ մենք: Նրանք նույնպես երջանկություն են ցանկանում և տառապանք չեն ցանկանում: Քանի որ նրանք այդքան փոքր են, մենք պետք է օգնենք նրանց: Այդ պատճառով էլ նրանց վնաս հասցնելը մարդկային բարոյականությունից ցածր բան է: Առօրյա կյանքում վնաս մի՛ հասցրեք այլ էակներին:

Կատարյալ վարքի հասնելու համար մենք պետք է ունենանք ճիշտ փիլիսոփայական հայացք և մեդիտացիայի կարողություն: Այսպիսով փիլիսոփայական հայացքն ու մեդիտացիան կատարյալ վարքի հասնելու մեթոդներ են:

Մեր ես-ի զգացումի մեջ կուտակվող զայրույթի նկատմամբ հակաթույն է հետևյալը. փորձել ավելի շատ մտածել դիմացի մարդու վիճակի մասին: Դա թույլ է տալիս ընդլայնել ամբողջ իրավիճակի ընկալումը: Օրինակ, երբ մարդը վիրավորական ինչ-որ բան է ասում ձեզ, փորձեք հասկանալ, թե նա ինչու է այդպես անում: Դուք կնկատեք, որ նրան տիրել է զայրույթը: Դուք կտեսնեք, որ ոչ թե դուք, այլ նա է զայրույթի առաջին զոհը: Իր զայրույթից տառապելով՝ նա վիրավորական ինչ-որ բան է ասում ձեզ… այսպիսի հասկացումը կբարելավի ձեր վիճակը: Հակաթույնի հաջորդ մակարդակը հետևյալն է. հասկանալ, թե իրականում ով է հիմնախնդիր ստեղծողը: Այսպես, երբ կատվին փայտով ծեծում են, նա ատամներով կառչում է փայտից ու չարանում է նրա վրա: Նա մտածում է, որ ցավի պատճառը փայտն է: Բայց մենք՝ մարդիկս, հասկանում ենք, թե որքան հիմար է այդ կատուն: Չէ՞ որ փայտը չէ նրան ցավ հասցնում: Այսպես, երբ ինչ-որ մեկը վիրավորում է ձեզ, և դուք չարանում եք այդ մարդու վրա, որը զայրույթի իշխանության ներքո է գտնվում, դուք նմանվում եք այդ կատվին: Մտածեք, որ այդ մարդը պարզապես փայտ է ձեր նկատմամբ: Նրան զայրույթն է ղեկավարում և ստիպում որոշակի գործողություններ կատարել:

Եթե մենք ցանկանում ենք սքանչելի այգի ունենալ, ապա հարկավոր է ոչ պարզապես սպասել, այլ ստեղծել պատճառը: Նույնիսկ եթե մենք աղոթենք. «Ո՜վ Բուդդա, օգնի՛ր ինձ այդպիսի այգի ձեռք բերել»,— մենք ոչինչ չենք ստանա: Այգու համար պատճառներ են անհրաժեշտ սերմեր ու լավ պայմաններ:

Զայրույթը վերացնելու ամենաարդյունավետ միջոցն այն է, որ այն օգտագործես սեփական հոգևոր զարգացման համար: Այդ դեպքում զայրույթը միայն չի վնասի մեզ, այլ նույնիսկ կօգնի զարգանալ:

Մեծ ծառը մեկ օրում չի աճել: Նա աճում է օր օրի՝ բազմաթիվ տարիների ընթացքում, գրեթե աննկատ ձևով և միայն դրանից հետո է մեծ դառնում: Մենք ջրում, սնում ենք նրան, այն ավելի արագ է աճում: Բայց եթե մենք սկսենք ձգել ճյուղերից և ասել. «Ավելի արա՛գ աճիր»,— ապա մենք պարզապես արմատահան կանենք ծառը: ճիշտ նույն կերպ է նաև նա, ով ձգտում է արագ հասնել ինչ-որ անսովոր ունակությունների տիրապետելուն: Նա պարզապես արմատահան կանի իր հոգևոր առաջընթացի ծառը, հարկավոր է աճեցնել աստիճանաբար ու դանդաղորեն:

Այն ամենը, ինչ մենք ունենք՝ ընտանիք, համբավ, հարստություն, սքանչելի է: Բայց այդ ամենը, ինչպես նաև մեր մարմինը, մենք պետք է թողնենք այս կյանքի վերջում: Միայն արժանիքները, որոնք մենք կարողացել ենք ձեռք բերել մեր մեր գիտակցության հոսքի մեջ, հաջորդ կյանք կտեղափոխվեն այդ հոսքի հետ միասին: Այդ պատճառով էլ միայն բարի արժանիքների զարգացումն (որոնք կբացահայտվեն նոր ծնունդից հետո) է երջանկության հիմքը կազմում: Իսկ մահը կարող է վրա հասնել ցանկացած պահի: Բոլորը գիտեն, որ մահը վաղ թե ուշ գալու է: Բայց նրա գալստյան ժամն անհայտ է: Այդ պատճառով էլ ցանկացած պահի հաջորդ կյանքին պատրաստվելը միանգամայն կարևոր է:

Մենք մշտապես ասում ենք՝ ես, հոգ ենք տանում այդ ես-ի մասին, բայց իրապես չգիտենք, թե դա ինչ է: Սակայն եթե մենք իսկապես ցանկանում ենք օգուտ բերել մեր ես-ին, մենք պետք է հստակ հասկանանք, թե դա ինչ է ներկայացնում իրենից: Հակառակ դեպքում մենք կարող ենք ավելի շուտ վնաս բերել: Այսպես. Եթե մենք ցանկանում ենք նորոգել ժամացույցը՝ չիմանալով, թե դա ինչ է ներկայացնում իրենից, ապա ավելի շուտ վերջնականապես կփչացնենք այն:

Երբ մենք վնասում ենք ուրիշներին, վնասում ենք մեզ: Երբ ուրիշներին բարիք ենք անում, բարիք ենք անում մեզ:

Երբ մեծ վարպետներն ուսուցանում էին Դհարման, նրանք ասում էին, որ Դհարման, Ուսմունքը հարկավոր է ընկալել որպես հայելի: Մենք նայում ենք հայելուն և տեսնում ենք մեր թերությունները: Դրանք տեսնելն ու ճանաչելն առաջին քայլն է ավելի իմաստուն դառնալու ճանապարհին: Եթե, օրինակ, ձեր դեմքը կեղտոտ է, և դուք չգիտեք այդ մասին, նայում եք շուրջը և տեսնում եք՝ ահա սա կեղտոտ է, ահա այն մյուսը նույնպես կեղտոտ է, ապա դուք, վերջապես, նայում եք հայելուն և տեսնում, որ ձեր դեմքը նույնպես կեղտոտ է, դուք սկսում եք անհարմար զգալ: Դուք կհասկանաք, որ հարկավոր է լվացվել, դառնալ մաքուր: Դուք կսկսեք անել դա: Այսպես, եթե դուք չեք նայում Ուսմունքի հայելուն, ապա դուք կարող եք չնկատել, չիմանալ ձեր թերությունները և ենթադրել, որ ամեն ինչ հիանալի է, իսկ իրականում դուք ներքին աղտոտվածություն կունենաք: Բայց եթե դուք դա տեսնեք Ուսմունքի հայելու մեջ և սկսեք լվացվել, ապա այդ դեպքում իսկապես կսկսեք առաջանալ դեպի ներքին մաքրումը, ներքին գեղեցկությունը: Դհամապադայում ասված է. «Հիմարը, որը հասկանում է իր հիմարությունը, արդեն իմաստուն է, իսկ հիմարը, որն իրեն իմաստուն է կարծում, ահա թե իսկապես հիմարն ով է»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/nerashxarh5.jpg
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (11.09.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 1831 | Տեգեր: իմաստուն մտքեր, Ներաշխարհ, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика