menu
person

Ստի տեսակները

 


 

   

Ստի տեսակներն են`
 

1. Շահամոլական խաբեություն

Սա թերևս ամենամեծ ու կոպիտ ստերից է, որ մարդիկ օգտագործում են անձնական շահի համար։ Ասենք` վաճառում են ինչ-որ հին  կամ ոչ պիտանի ապրանք՝ համոզելով, որ այն լավ վիճակում է: Կամ որոշ պատգամավորներ, ովքեր նախընտրական քարոզարշավում սուտ խոստումներ են տալիս՝ լավ գիտակցելով, որ իրականում դրանք չեն կարող իրականացնել:

2. Սուտ–փրկություն

Ասենք՝ ուշացել եք կարևոր հանդիպումից /դասից, աշխատանքից, հարցազրույցից/,  որովհետև ուշանալու վատ սովորություն ունեք, բայց ասում եք, որ խցանման մեջ էինք ընկել։ Կամ երեխան պատահաբար կոտրել է արժեքավոր մի իր, բայց վախից ասում է, որ ինքը չի արել։ Կամ հանցագործը պնդում է, որ ինքն անմեղ է՝ բանտից խուսափելու համար:

3. Սուտ–արդարացում

Սա ինչ –որ չափով նման է փրկությանը, բայց այս դեպքում սուտն ավելի շատ քողարկված է կիսաճշմարտությամբ և արտահայտվում է բառերի մանիպուլիացիայով։ «Դա անելով /դա ասելով՝ ես իրականում նկատի ունեի/ իրականում ուզում էի...»: Այս ձևով կարելի է ասածի ու արածի համար այլ վերծանումներ ու բացատրություններ փնտրել և գտնել՝ կոծկելու համար սեփական կամ մեկ այլ անձի գործած սխալը:

4. Սուտ–բամբասանք

Խոսքը այն բամբասանքի մասին չէ, երբ ուղղակի քննարկում, քննադատում  են որևէ մարդու կերպարը՝ սեփական հոգին ու նյարդերը հանգստացնելու համար։ Այլ այն դեպքերի մասին է, երբ բամբասանքը ներառում է չստուգված լուրերի տարածում։ Օրինակ` «Լսե՞լ ես , Վարդուշի մարդը սիրած ա պահում», կամ ` «Ասում են՝ սրանց ընտանիքում շիզոֆրենիկներ են եղել: Ես էլ մտածում էի՝ ինչի ա սրանց էրեխեն էսքան տարօրինակ»: Ու նման բաներ։  

5. Սուտ–չափազանցում

«Մի անգամ գնացել էինք ձկնորսության: Մի՜  էնպիսի խոշոր ձուկ բռնեցինք՝ առնվազն մի մետրանոց էր»: Կամ`  «Տենց աղջիկ չկա, մատս վրան դնեմ, իմը չլինի»: Կամ` «Այս վերևիս հարևանը ամեն օր մինչև գիշերվա երեքը բարձր երաժշտություն ա լսում, գժվեցի արդեն»: Այսպիսի ստերը հիմնականում անմեղ են: Դրանք միայն օգտագործվում են ինչ– որ բանի կարևորությունը ընդգծելու համար /վնասը իրենց կյանքում կամ ուղղակի գլուխգովելու ու պարծենկոտության համար/:

6. Սուտ–քաղաքավարություն

Ինչ–որ մեկի հետ ծանոթանալիս կամ հանդիպելիս ասում ես , որ շատ ուրախ ես այդ կապակցությամբ, բայց իրականում անտարբեր ես։ Կամ պարզապես հյուր ես գնացել: Ճաշակելով տանտիրուհու պատրաստած խորտիկները՝ ասում եք, թե ինչքան համեղ էր, բայց իրականում մի երևելի բան էլ չէր։ Կամ էլ ինչ –որ մեկն ասում է, որ կարոտել է քեզ, դու էլ միանգամից. «Ես էլ քեզ եմ կարոտել», բայց դե...:

7. Սուտ–խղճահարություն

Ընկերուհուդ հենց նոր լքել է իր սիրելին: Խեղճ աղջիկը ահավոր վիճակում է։ «Նա անպայման հետ կգա»,– ասում ես հանգստացնելու համար։ Բայց դե որտեղից իմանաս՝ կգա, թե չի գա...: Կամ գիտես, որ ինչ-որ մեկը շատ է ուզում նիհարել, ինչ ասես չի անում դրա համար: Հանկարծ  մի օր նրա հետ պատահական հանդիպելիս ասում ես, որ նիհարել է, բայց իրականում այդպես չէ։  
Կամ էլ ավելի լուրջ դեպք՝ անբուժելի հիվանդին ասում ես, որ կբուժվի։ Եվ նման այլ դեպքեր, որոնք ստեղծվում են զուտ կարեկցանքից, երբ թվում է, թե այդ պահին «քաղցր սուտը» «դառը ճշմարտությունից» ավելի նախընտրելի է:

 
Ստի տեսակները

8. Սուտ–քծնանք

Դե սա էլ, երբ հաճոյախոսում ես ինչ -որ մեկին՝ լինի շեֆդ, թե որևէ այլ մեկը, ուղղակի «միավորներ» հավաքելու համար՝ ասելով բաներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը։ «Ի՜նչ հոյակապ տեսք ունեք այսօր», «Ձեր առաջարկած ծրագիրը ուղղակի հոյակապ է», «Ձեզ նման իմաստուն մարդիկ շատ քիչ են հանդիպում»: Խոսքն, իհարկե, այն դեպքերի մասին չէ, երբ ասողը համոզված է իր հաճոյախոսությունների ճշմարտության մեջ:

9. Սուտ–երևակայություն

Շատ անմեղ սուտ է։ Երեխաների մոտ է ավելի հաճախ լինում։ Ինչ-որ բաներ են պատմում, որոնք իրականում չեն եղել։ Որոնք պարզապես նրանց երևակայության  արդյունքն են:

10. Սուտ–պատրանք

Հանդիպում ես ինչ –որ ծանոթի, որը գիտես՝ հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բայց քեզ ասում է, որ շուտով նոր ու կարգին բնակարան են տեղափոխվելու կամ մեքենա է գնելու։ Կամ հայրենիքից հեռու գտնվողը ասում է, որ շուտով վերադառնալու է, թեև գիտի, որ դա ավելի շատ երազանք է, անիրական պատրանք, քան իրականություն:
Ստի այս տեսակը ոչ ռեալ երազանքների արտահայտումն է։ Հաճախ է հանդիպում ինչ-որ բանի կարիքը շատ զգացող մարդկանց մոտ։

11. Սուտ–լռություն

Սա շատ հետաքրքիր տեսակ է, և հաճախ համարվում է, որ դա նույնիսկ սուտ էլ չէ։ Քանի որ այս տեսակի դեպքում մարդ ոչինչ չի ասում, պարզապես թաքցնում է ճշմարտությունը լռելով։ Այստեղ շատ կարևոր է տարբերակել թաքցվող ինֆորմացիայի նշանակությունը այն անձի համար, որից այն թաքցվում է։ Երևի դրանով էլ կարելի հասկանալ, դա սուտ էր, թե ոչ։ Եթե ինչ-որ մեկին գաղտնիք են ասել ու նա ոչ մեկին դրա մասին չի ասում, սրանով նա շրջապատին չի խաբում (խոսքը կյանքի ու մահվան դեպքերի մասին չէ ): Բայց եթե ամուսինը դավաճանել է կնոջը և լռել դրա մասին, այս դեպքում ամենայն հավանականությամբ դա խաբեություն է։ Ինչևէ, լռելով խաբելը շատ դժվար մեկնաբանելի սուտ է. երբեմն իսկապես չգիտես համարել դա սուտ, թե ոչ ...

12. Սուտ–ինքնախաբեություն

Ինչ որ չափով նման է սուտ –պատրանքին, բայց այս դեպքում մարդը ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, ավելի ու ավելի սնելով միտքը փուչ, անիրական հույսերով, որոնք հետզհետե դառնում են համոզվածություններ ու անգամ կարող են վերածվել պաթոլոգիկ վիճակների։ Ասենք՝ ինչ –որ մի տղա ինքն իրեն համոզում է, որ այն աղջիկը, ում ինքը սիրահարված է, փոխադարձաբար սիրում է իրեն, թեև այդ անձնավորությունը գուցե անգամ չի էլ ճանաչում տղային (էրոտոմանիա):

13. Մանր ստեր

Սա այն տեսակն է, որից թերևս ոչ մեկս զերծ չենք։ Հարցնում են, թե ոնց ես, մեխանիկորեն պատասխանում ես՝ լավ, թեև իրականում լավ չես։ Հարցնում են՝ ի՞նչ է եղել, ասում ես ՝ ոչ մի բան, որովհետև չես ուզում խոսել դրա մասին կամ կոնկրետ այդ մարդու հետ, բայց իրականում «ոչ մի բան» պատասխանը չի համապատասխանում իրականությունը։ Այդ նույն պատասխանը կարող է նաև հաճախ հնչել, երբ հարցնում են, թե ինչ ես մտածում ու դարձյալ չես ուզում խորանալ, ընտրում ես արագ ու հեշտ տարբերակը՝ ոչինչ։ «Լավ», «ոչ մի բան », «չգիտեմ» արագ պատասխանները հիմնականում այս տիպի մանր –մունր ստերի հիմնական բառերն են։  


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/sut2.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (02.08.14) W
Դիտումներ: 3127 | Տեգեր: հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика