menu
person

Հայաստանում թվանշանի պաշտամունք կա. կրթական ոլորտն աղճատված վիճակում է

 


 

   1in.am

2017 թվականին հանրակրթական դպրոցներում գերազանցության մեդալների հավակնորդներից 82%-ն է ստացել ոսկե մեդալ, 2018թ.-ին՝ 47%-ը: Առաջիկա տարիներին ուռճացված գնահատականները պետք է համապատասխանեցնել իրական գնահատականներին, որպեսզի վստահությունը կրթական համակարգի նկատմամբ բարձրանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս կարծում է, որ մենք ունեցել ենք ուռճացված գնահատականներ, և դա գաղտնիք չի եղել։ Նրա խոսքով՝ եթե հիմա անցկացվեն շատ օբյեկտիվ ու անաչառ քննություններ, հնարավոր է պարզվի, որ մեր աշակերտների առնվազն 50 տոկոսը չի բավարարում դրական թվանշանի շեմը հաղթահարելուն։

«Այդ ամբողջ պրոցեսները, որ կան Հայաստանում՝ դրամահավաքներ, կոռուպցիոն այլ երևույթներ, պտտվում են սրա շուրջը։ Համակարգը բավական թույլ վիճակում է, և իրական պատկերը չենք տեսնում։ Իսկ իրական պատկերը շատ տխուր է։ Իրականում գնահատականները շատ ավելի բարձր են, քան կան։ Դրա համար համաձայն եմ նախարարի հետ։ Բայց ոսկե մեդալի հետ կապված խնդիրն այլ է։ Քանի որ մեդալն, ըստ էության, որևէ արտոնություն չունի, ինչպես առաջ, դրա համար մեդալի համար մեծ կռիվ չկա։ Առաջ Հայաստանում մի քանի հարյուր մեդալակիր էր լինում։ Այսօր, երբ արդեն մեդալն արտոնություն չունի, անիմաստ բան է դարձել»,- շեշտեց փորձագետը։

Այս տարի մեդալակիրների հավակնորդների թվի շեշտակի նվազումը, ըստ նրա, կապված էր դպրոցներում քննաշրջանից առաջ մի շարք կոռուպցիոն երևույթների բացահայտմամբ, և մեդալի համար քննությունն ավելի կոշտ է անցկացվել. «Դրա համար արդեն 50 տոկոսն է կարողացել հաղթահարել»։

Ստացվում է՝ մենք տարիներ շարունակ ունեցել ենք բարձր գնահատականներով բուհեր ընդունվող աշակերտներ, ինչը, սակայն, չի արտահայտել կրթության իրական որակը՝ կարծում է ոլորտի մասնագետը։ «Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում դեռևս կա թվանշանի պաշտամունք։ Դա նշանակում է, որ Հայաստանում սովորելն այդքան էլ կարևոր ու մոդայիկ չէ։ Մի կողմից՝ թվանշանի պաշտամունք կա, մյուս կողմից՝ սովորելու ձգտում չկա։ Երբ սովորելու ձգտում չկա, բայց թվանշան է պետք, դա արդեն բերում է ամբողջ պատկերի աղճատմանը»,- կարծում է Խաչատրյանը։

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.07.18) | Հեղինակ: 1in.am W
Դիտումներ: 1023 | Տեգեր: Հայաստանում, կրթական, ոլորտն, վիճակում, թվանշանի, պաշտամունք, աղճատված, կա. | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *