menu
person

Խանութում` երեխայի հետ (մաս 2-րդ)

 


 

   

Կարդացե՛ք նաև հրապարակման 1-ին մասը

Մոտեցում, որից պետք է խուսափել

Մեծերից շատերին ծանոթ է այն իրավիճակը, երբ հերթական անգամ երեխայի կամքը կատարելիս, ասում են, որ դա անում են վերջին անգամ: Հաճախ նրանք սկզբում մերժում են, բայց երեխայի լացին դիմանում են ընդամենը 5, լավագույն դեպքում` 10 րոպե, նայած թե փոքրիկն ինչ ուժգնությամբ է  բղավում: Եվ այդ վերջին անգամը ոչ մի կերպ վերջինը չի լինում:              
«Ես գիտեմ, որ դա ճիշտ չէ, բայց ես ուղղակի չեմ դիմանում: Երբ ես մերժում եմ երեխայիս, նա սկսում է բղավել, աստիճանաբար ձայնը բարձրացնում է ու չի լսում, թե իրեն ինչ եմ ասում: Ես էլ, խայտառակությունից խուսափելու համար, գնում եմ նրա ուզածն ու շտապում խանութից դուրս գալ»:

Երեխաներից շատերը բնազդաբար զգում են, որ շրջապատի կարծիքը մեծ նշանակություն ունի իրենց ծնողների համար և սկսում են օգտվել դրանից:  Երեխաները փորձարկում են մարդկանց վրա ազդելու և ուզածին հասնելու իրենց ընդունակությունները: Դա, իհարկե, կարևոր է նրանց հետագա կյանքի համար, սակայն նույնքան կարևոր է նաև, որ նրանք սովորեն իրենց նպատակներին հասնել ոչ թե մանիպուլյացիայի դիմելով, այլ բանակցելով և համոզելով: Նաև շատ կարևոր է, որ նրանք կարողանան ընդունել առարկություններն ու մերժումը:
Ինչպե՞ս վարվել

Լսելով երեխայի «գնի՜ր» պահանջը՝ դուք պետք է որոշեք. իսկապես ուզու՞մ եք այդ իրը գնել հենց այդ օրը և տվյալ պահին, թե՞ ոչ: Եթե դուք համարում եք, որ այդ գնումը կարելի է կատարել, ուրեմն ճիշտ կվարվեք, եթե անմիջապես, առանց վիճելու և պայմաններ դնելու, գնեք: Իսկ եթե որոշում եք, որ չեք գնելու, ուրեմն պետք է ազնվորեն և առանց տատանվելու այդ մասին հայտնեք երեխային՝ պատրաստ լինելով հաղթահարելու ցանկացած հիստերիա:  Փորձը ցույց է տալիս, որ մտածված և հաստատապես ասված «ոչ»-ի դեպքում երեխաները միայն առաջին մի քանի անգամն են լացուկոծ դնում, քանի դեռ համոզված չեն, որ ծնողը, մեկ էլ տեսար, միտքը կարող է փոխել: Հետո արդեն փոքրիկները սովորում են, որ մեծերի խոսքը միանշանակ է և անբեկանելի: Ի դեպ, այն փաստը, որ ծնողները ոչ միայն մերժելիս են վճռական, այլև երեխայի խնդրանքով կարող են միանգամից որոշել ու առանց հանդիմանությունների գնել նրա ուզածը, շատ է օգնում փոքրերին դիմանալու մերժման «անարդարացիությանը»: Սակայն երբեմն դժվարը հենց արագ կողմնորոշվելն ու որոշում կայացնելն է, քանի որ երեխան շատ հուզական է հայտնում իր ցանկությունն ու  համառորեն պնդում:  Մեծերին այդ պահին ոչ միայն զայրացնում է այն, որ երեխան իրենց ստիպում է անել մի բան, ինչն իրենք չեն ցանկանում, այլև այն, որ չեն կարողանում որոշում կայացնել: Այսինքն, հայրիկներին ու մայրիկներին պետք է «թայմ-աութի» հնարավորություն տալ, որպեսզի նրանք մտածեն: Այդպիսի պահերին կարելի է ասել.

- Ես էլ եմ հավանում այդ տիկնիկը (ավտոմեքենան, կոնֆետը, նավակը, փոշեկուլը...): Արի խանութով շրջենք, իսկ ես այդ ժամանակ կմտածեմ՝ կարո՞ղ ենք այսօր դա գնել, թե՞ ոչ:
- Դա հետաքրքիր բան է, բայց ես հաստատ չգիտեմ, մեր փողը կբավականացնի±, որ բոլոր անհրաժեշտ գնումներն անենք: Սպասիր ես հաշվեմ ու որոշեմ՝ գնե՞նք, թե՞ ոչ:
- Այո, դա լավն է, բայց խանութում այնքա՜ն շատ ուրիշ լավ բաներ կան, որ ես չգիտեմ՝ հենց դա՞ գնենք, թե՞ մեկ ուրիշ բան:
- Ես, կարծես թե, այնքան էլ չեմ ուզում դա  գնել: Եթե ասես, թե ինչու է քեզ այդքան դուր եկել, ես կմտածեմ...    

Կամ էլ լրիվ անկեղծացեք.

- Ես չգիտեմ՝ գնե՞մ դա քեզ համար, թե՞ ոչ: Ինձ հինգ րոպե տուր, որ մտածեմ:
Երեխաներին, ինչպես և բոլոր մյուս մարդկանց, դուր է գալիս, երբ իրենց հարգանքով են վերաբերվում: Երբեմն երեխայի համար շատ ավելի կարևոր է այն,  որ դուք նրան լուրջ, առանց ծաղրելու և կշտամբելու առաջարկում եք ժամանակ տրամադրել իր խնդրանքի մասին մտածելու համար, քան հենց այդ առարկան գնելը:  Երեխան կարող է շատ տարբեր պատճառներով ինչ-որ բան խնդրել և նույնիսկ պահանջել:

Այնպես որ զարմանալի չէ, որ երբեմն նրա ցանկացած իրը գնելուց հետո նա սկսում է մեկ այլ բան ուզել կամ էլ շատ անփութորեն է վերաբերվում այդքան «ցանկալի» ու արդեն գնված առարկային, գցում է գետնին, ոտքերով դոփում ու բղավում, որ իր ուզածը դա՛ չէր:     

«Չորսամյա տղայիս հետ զբոսնելու էինք գնացել: Նա հանկարծ սկսեց խնդրել, որ գնանք մեկ այլ փողոցում գտնվող խանութն ու իր համար պաղպաղակ գնենք: «Եկ այս կրպակից գնենք»,- ասացի ես՝ ցույց տալով մի քանի քայլ հեռավորությամբ գտնվող կրպակը: «Այստեղ իմ ուզածը չկա՜, ես շոկոլա՜դ եմ ուզում»: Ես մոտեցա կրպակին, շոկոլադե պաղպաղակ գնեցի ու տվեցի նրան: Հանկարծ նա սկսեց ոտքերով գետնին դոփել ու բղավել. «Ես քո պաղպաղակը չե՜մ ուզում»: Այդպիսի իրավիճակներում ես հաճախ եմ հայտնվում, զայրանում եմ, նույնիսկ երբեմն հարվածում եմ նրա հետույքին, թեև գիտեմ, որ դա ճիշտ չէ»:

Անսովոր իրավիճակները մեծերին պետք է հուշեն, որ երեխան միշտ չէ, որ խնդրում է այն, ինչ իսկապես ցանկանում է: Երեխայի պահանջներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար մեծերը պետք է գտնեն այն հարցի պատասխանը, թե իրականում իրենց երեխային ինչն է անհանգստացնում, նրան ինչ է պետք, երբ «ցանկանում է», որ իր համար ինչ-որ բան գնեն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol22/MSf5Ia4C4R8-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (06.06.14) W
Դիտումներ: 1047 | Տեգեր: Քո փոքրիկը, Իմ երեխան, Քո երեխան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *