menu
person

Խանութում` երեխայի հետ (մաս 1-ին)

 


 

   «Լինա» ամսագիր

Այս հոդվածի օգնությամբ մայրիկներն ու հայրիկները, տատիկներն ու պապիկները կարող են ամենայն լրջությամբ վերլուծել, թե իրականում ինչ են ուզում երեխաները, երբ պահանջում են իրենց համար որևէ իր գնել: Ինչպե՞ս վարվել, երբ ամեն անգամ, փոքրիկի հետ խանութում հայտնվելիս, նա կախվում է ձեր փեշից ու աղիողորմ խնդրում որևէ բան գնել:

Եթե փոքրիկն այդպես էլ չի կարողանում հստակ ձևակերպել, թե իր ուզածն ինչ է,  ծնողները պարզապես մերժում են նրան. «Եթե ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ուզում, ուրեմն քեզ ոչինչ էլ պետք չէ»: Իսկապե±ս երեխային ոչինչ պետք չէ£ Պե'տք է, պարզապես նա ինքն էլ չի գիտակցում, որ իրեն այնպիսի մի բան է պետք, ինչը չի կարելի խանութում փողով գնել: Նրան պարզապես մի փոքր ուշադրություն ու քաջալերում է պետք:  Դա, իհարկե,  չի նշանակում, որ ձեր երեխան իրեն լքված ու դժբախտ է զգում: Երեխաներն էլ մեծերի պես երբեմն մի փոքր ավելի ջերմության և ուշադրության կարիք են զգում:  Նրանք հենց ա'յդ մասին են ձեզ հիշեցնում, քանի որ դա արտահայտելու այլ միջոց չգիտեն: Մի' մոռացեք, որ փոքրիկն առաջին սերն ու հոգատարությունը հենց նյութական ձևով` մայրական կաթի միջոցով է ստանում: Այսինքն, խանութում գնված մանրուքը (կարևոր չէ, թե դա ինչ կլինի) օգնում է լրացնել  հոգուն անհրաժեշտ  ջերմության պակասը:

Մշտապես և համառորեն կրկնվող «գնի'ր»-ը յուրատեսակ «SOS» ազդանշան է, որով երեխան ծնողներին խնդրում է փոխել իրավիճակը: Դա նշանակում է, որ նա  ծնողների հետ շփման հարցում դժվարություններ ունի, գուցե ժամանակ չի լինում, կամ էլ նա խուսափում է շփվելուց, որովհետև վախենում է, որ իրեն կքննադատեն:  Դա նշանակում է, որ ծնողների հետ հաղորդակցվելու առումով նրա համար ամենալավը այն ժամանակներն էին, երբ հարաբերություններում գլխավորը ծնողների անմիջական հոգածությունն էր իրեն սննդով, խաղալիքներով և հագուստով ապահովելու համար:

Իսկ մեծերի արձագանքն  այդպիսի դեպքերում շատ հակասական է լինում: Նրանք կա'մ զայրանում են փոքրիկի վրա, կա'մ էլ մեղքի այնպիսի անբացատրելի զգացողություն են ունենում, որ պատրաստ են լինում երեխայի համար գնել նույնիսկ միանգամայն անպետք իրեր:  

Ինչու՞ է մանկան շուրթերից արտաբերված «գնի՛ր» բառն այդքան հակասական զգացողություններ առաջացնում: Թերևս այն պատճառով, որ և՛ ծնողները, և՛ երեխաները զգում են, որ խանութում ծագած իրադրության հետևում շատ ավելի կարևոր մարդկային խնդիրներ կան, որոնց մասին երեխաները բառերով դեռևս չեն կարողանում պատմել:

5 իրավիճակ, երբ երեխան կարող է ստիպել, որ իր համար որևէ իր գնեք

Կան այնպիսի իրավիճակներ, որոնք երեխային դրդում են այդ քայլին: Դա ամենևին կախված չէ նրա ունեցած խաղալիքների քանակից, քաղցած կամ կուշտ լինելուց, ագահ կամ կամակոր բնավորություն ունենալուց: Ուղղակի այդպիսի իրավիճակներում գրեթե բոլոր երեխաներն էլ կարող են ասել. «գնի՛ր» Օրինակ՝

•    մայրիկն ու հայրիկը մտել են խանութ և երկա՜ր կանգ առել դարակների առջև, որոնց վրա, հե՛նց երեխայի դիմաց, քաղցրավենիք և գունավոր թղթերով կոնֆետներ են դրված,
•    մայրիկը խանութում իր ընկերուհուն է հանդիպել և երկա՜ր զրույցի է բռնվել հենց ցուցափեղկի առջև,
•    փոքրիկը խանութում հանդիպել է իրեն ծանոթ մեկ այլ երեխայի, որի  ձեռքին հենց նոր գնված խաղալիք կա,
•    ամբողջ ընտանիքով խանութ են մտել մեկ այլ երեխայի համար նվեր գնելու,
•    նրա ներկայությամբ մեկ այլ փոքրիկ նվեր է ստանում, և բոլոր մեծերն էլ գովաբանում են այդ մյուսին, ասում, թե որքա՜ն հաճելի է այդպիսի լավ երեխայի համար նվեր գնելը և այլն:


«Եվ այլն» ասելով՝ նկատի ունենք, որ յուրաքանչյուր ընտանիքում, յուրաքանչյուր մայրիկ և հայրիկ, թերևս, գիտեն, թե իրենց փոքրիկն ինչպիսի իրավիճակում հաստատ կասի՝ գնի՜ր:  
 «Ես միշտ իմ տղայի հետ որևէ մեծ խանութ մտնելուց առաջ, որտեղ նաև խաղալիքների բաժին կա, ներքուստ տրամադրվում եմ հերթական պայքարի տեսարանին: Դեռևս այդպիսի դեպք չի եղել, որ նրա հետ խանութ մտնեմ ու նա  չասի. «Ես էլ գնամ խաղալիքները նայեմ»: «Միայն նայելու՞ ես»,- հարցնում եմ ես: «Ազնիվ խոսք, միայն նայելու եմ»: Բայց նայելուց հետո անմիջապես վազում է ինձ մոտ ու ասում. «Մա՜մ, էնտեղ մի փոքրիկ ավտո կա, որ թանկ չի: Դու ուրիշ ոչ մի բան ինձ համար մի առ, միայն էդ ավտոն եմ ուզում, խնդրու՜մ եմ»: Հարցն այն չէ, որ ես այդ փոքրիկ գնումը չեմ կարող անել, ուղղակի նեղվում եմ, որ ամեն անգամ նրա հետ խանութ մտնելիս նույնը կրկնվում է»:

 

Ի՞նչ կարիք կա  ավելորդ անգամ փոքրիկներին հրահրելու: Չէ՞ որ, եթե ընտանիքում հայտնի են այն իրավիճակները, որոնցում հայտնվելիս դժվար է լինում երեխային հետ պահել խնդրելուց, իսկ ծնողներին էլ ինչ-ինչ պատճառներով այդպիսի խնդրանքները զայրացնում են, կարելի է դրանք պարզապես բացառել:   
«Ամուսինս կարծում է, որ երեխայի ուզածը չգնելով՝ խնդիրը չի լուծվում: Նա ասում է, թե երեխային պետք է սովորեցնել փողի գինն իմանալ, ոչ թե միայն իր մասին մտածել, այլև մյուսների և դիմանալ, երբ իր խնդրանքը մերժում են: Բայց չէ՞ որ այդ ամենը նա կհասկանա, երբ արդեն մեծ կլինի, կիմանա փողի արժեքը, երբ ի՛նքը կսկսի աշխատել, իր գրպանի գումարն ունենալ, ինքնուրույն խանութ գնալ: Իսկ հիմա չէ՞ որ նա երեխա է, ընդամենը՝ երեք տարեկան»:  

Իհարկե, երեխային դաստիարակելիս կարևոր է  նրա մեջ զսպվածություն սերմանելը: Բայց ոչ մի հարցում չի կարելի սահմանն անցնել:

Եթե երեխան այնքան համբերատար է, որ դիմանում է իր համար տհաճ X թվով իրավիճակներում, ապա  հնարավոր է, որ նա շատ ջանքեր գործադրի և դիմանա ևս Y թվով իրավիճակներում: Բայց եթե մեծերը չափն անցնեն և նրան պարտադրեն զուսպ լինել ոչ միայն X+Y, այլև X+Y+Z թվով իրավիճակներում, ապա դա  արդեն կարող է նրա ուժերից վեր լինել, և նա աստիճանաբար կերպարանափոխվի ու  դառնա «կամակոր» և «չլսող»:

Խանութում երեխայի խնդրանքներից ազատվելու համար մեծերը հաճախ նրանց այնպիսի խոսքեր են ասում, որոնցից փոքրիկը վիրավորվում է, իրեն թույլ ու փոքրոգի զգում:
Երեխան այդպիսի հանդիմանություններ լսելով, այնուամենայնիվ, չի կարողանում իր ցանկությունը հաղթահարել, որովհետև, իսկապես, մանավանդ փոքրիկին  դժվար է տեսնել առատորեն ցուցադրված հետաքրքիր, գեղեցիկ ու նոր առարկաներ, համեղ քաղցրավենիքը և դրանց հանդեպ թուլություն չզգալը: Ստացվում է, որ մեծերը, ջանալով երեխայի մեջ ամոթի զգացում և կամքի ուժ  դաստիարակել, երբեմն, իրենց կամքից անկախ, ստիպում են, որ փոքրիկն իրեն հե՛նց անամոթ ու կամազուրկ զգա:
 
Արտահայտություններ, որոնք վնասում են երեխային

- «Չէ՞ որ դու խոստացել էիր, որ ոչինչ չես խնդրելու, հիմա ես ինչպե՞ս հավատամ քո խոսքերին»:
- «Ի՞նչ ես աղջկա պես  նվնվում: Մեծ տղա ես ու չես կարողանում դիմանալ»:
- «Ինչպե՞ս չես ամաչում, ախր մենք եկել ենք քո ընկերոջ համար նվեր գնելու, իսկ դու այնքան ագահ ես, որ չես կարողանում առանց քեզ համար որևէ բան խնդրելու  նրա համար նվեր ընտրել»:
- «Էլի սկսվե՜ց: Դու մենա՞կ ես մեր ընտանիքում: Չէ՞ որ քո եղբայրն էլ կարող է ինչ-որ բան խնդրել, բայց տե՛ս, ձայն չի հանում»:
- «Դաստիարակված երեխաները խանութում չեն նվնվում»:
- «Ա՛յ, երբ որ ինքդ փող կաշխատես, այն ժամանակ էլ ուզածդ կգնես»:

Այս արտահայտությունները, իհարկե,  օգնում են, բայց՝ միայն մեծերին, քանի որ տվյալ պահին նրանք ազատվում են երեխայի նվնվոցից: Իսկ երեխային դրանք վնասում են, որովհետև ամոթի զգացումը ոչ թե վերացնում է ցանկությունը, այլ ստիպում է, որ երեխան ուղղակի ամաչի և թաքցնի իր ցանկությունները:

 
Կարդացե՛ք նաև հրապարակման 2-րդ մասը



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/materializmas1-1-.jpg
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: Kiss.am (25.04.14) | Հեղինակ: «Լինա» ամսագիր W
Դիտումներ: 1479 | Տեգեր: ապագա մայրիկ, երեխաներ, Քո երեխան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика