menu
person

ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ. Մարդ` իր ուրույն մանրաշխարհով...

 


 

   erkusov.com

Տիգրան Լևոնի Լևոնյան (Խանդիկյան) (1936 դեկտեմբերի 14, Բեյրութ — 2004 հունիսի 25, Երևան), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան։ 1984-ից` ՀՀ ժողովրդական արտիստ։

1946-ին ծնողների հետ հայրենադարձվել է։ 1958-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1977-ին ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962-ից` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970—77-ին միաժամանակ` ռեժիսոր, 1977-ից` գլխավոր ռեժիսոր, 1991—99-ին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

___________________________________________________________________________

Վերջին հարցազրույցը՝ իրականացված Արձագանք ռադիոկայանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի շրջանակներում  

ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
          Մարդ` իր ուրույն մանրաշխարհով...

ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ Մարդ` իր ուրույն մանրաշխարհով...



Պատմում են, որ դեռ հինգ տարեկանում Տիգրան Լևոնյանը առևանգել է մի աղջնակի, և նրանք փախել են քաղաքից դուրս: Հաջորդ օրը ոստիկանները գտել են «զույգին» անտառում` իրար փաթաթված, սարսափից լաց լինելիս: Բոլոր թերթերը զետեղել են նրանց նկարները` գրելով, թե փոքրիկ Դոն Ժուանը փախցրել էր իրենց հարևանուհուն…
 Ինչպիսի՞ դրոշմ է դրել սերը տաղանդավոր օպերային երգչի և բեմադրիչի հետագա տարիների անձնական ու ստեղծագործական կյանքում…  
  Զրույցում չկարողացանք շրջանցել նաև մշակութային խնդրահարույց մի քանի հարց, և սխալ էլ կլիներ շրջանցել:  



- Ավելի շատ սրտի՞ մարդ եք, թե սթափ բանականությունը առաջին տեղում է ամեն պարագայում:
- Կենսագրությանս տարբեր շրջաններում տարբեր էստաֆետներ են եղել կյանքի երևույթների  իմաստավորման, բայց ենթադրում եմ, որ ես ավելի սինթեզված տրամադրությունների անձնավորություն եմ, և սրտի, և սթափ բանականության:
- Երբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ արվեստից դուրս:
- Այո, դա եղել է մինչև երկու տարեկանը: Ես միշտ եղել եմ արվեստի մեջ , չորս տարեկանից բեմ եմ ելել:
- Եվ երբևէ զղջման պահ  չի՞ եղել ընտրած ուղու վերաբերյալ:
- Երբեք: Զղջման պահեր շատ են եղել, բայց ոչ արվեստում լինելու համար: Զղջում եղել է սխալ քայլ կատարելու, նախասիրությունների, նվիրումների հետ կապված, բայց որ զղջամ արվեստով զբաղվելու համար, երբեք: Դա իմ կյանքի գերնպատակն է, իմաստը, բովանդակությունը…
- Դուք էությամբ շուտ հրապուրվո՞ղ եք, կպատմե՞ք որևէ դեպք Ձեր պատանեկան սերերից:
- Պատանի ժամանակ միշտ սիրահարված եմ եղել միաժամանակ 6-7 աղջկա, բայց, իհարկե, շատ պլատոնիկ սիրով: Եվ ինչպե՞ս կարելի էր չսիրահարվել աղջիկներին, որոնք բոլորովին իրարից տարբեր էին` ամեն մեկն իր արժանիքներով փայլատակող: Գուցե ես սիրահարվում էի ոչ թե այն պատճառով, որ նրանք էին տարբեր, այլ որովհետև ե՞ս էի տարբեր սիրով սիրահարվում. մեկին սիրում որպես Սիրանո Դը Բերժերակը Ռոքսանին, մյուսին` ինչպես Ռոմեոն կսիրեր Ջուլիետին, երրորդին` ինչպես Թուլուզ Լոտրեկը կսիրեր կյանքի մինչև  հատակը անկում ապրած աղջկան: Միշտ բռնկվել եմ, սիրահարվել, բայց շատ անհամարձակ եմ եղել իմ սերը դրսևորելիս: Հիմնականում դա արտահայտվել է որևէ բանաստեղծություն, որևէ պատմվածք գրելով:
- Ինչո՞վ կինը կարող է հմայել Ձեզ:
- Նախևառաջ իհարկե  կանացիությամբ: Սակայն կանացիությունը պիտի հուզաթաթավ լինի, լրացված` զգացումներով, խղճով և, բնավ չէր խանգարի, եթե` բարեկրթությամբ: Ես շատ եմ սիրում այն կանանց, ովքեր բարեկիրթ են, բայց երբեք չեն կորցնում կանացի մանկականությունը, կանացի համեստությունը և, իհարկե, նաև կանացի արժանապատվությունը:
 Այդ իսկ պատճառով երիտասարդ աղջիկներին, իմ աշակերտներին ես ջանում եմ ներշնչել հպարտ լինել իրենց կովկասցու հպարտությամբ, չաշխատել նմանակել եվրոպացիներին, որոնք նախանձով են նայում մեր կովկասցի կանանց արժանապատիվ կեցվածքին, հպարտությանը, այո, նաև անձեռնմխելությանը, անհատականությանը: Ունենալ անհատականություն, հավանաբար ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց համար բացառիկ հարստություն է:
- Ունե՞ք կանացի գեղեցկության Ձեր չափանիշը:
- Գիտե՞ք, դժվարանում եմ ասել, ամեն կին յուրովի գեղեցիկ է: Ինձ հաճախ մեղադրել են անճաշակության մեջ, երբ չեն նկատել այն գեղեցկությունը, որն ինքս եմ նկատել: Որովհետև երբեմն  տգեղ են կարծում մեկին, որն, ասենք, կամային դիմագծեր ունի: Բայց նրա մեջ ես տեսնում եմ կանացի կամայնության հետաքրքիր նիշեր, որոնք պատմական աղերսներ ունեն, ասենք, Փառանձեմի հետ, մեր պատմական իշխանուհիների հետ: Եվ ես ամեն մեկի մեջ տեսնում եմ մեր ոսկեհյուղ գավառների ոսկեհյուղ ժառանգորդուհիներին: Կանայք  իսկապես շատ յուրահատուկ են:
- Ինչպիսի՞ նվերներ եք սիրում նվիրել կանանց:
- Տարբեր են լինում դրանք: Բայց հիմնականում ավելի լավ է դա մի վարդ լինի: Ավելի շատ սիրում եմ նվիրել դաշտային ծաղիկներ:
- Իսկ հաճոյախոսությունների հարցում շռա՞յլ եք:
- Այո, ես սիրում եմ ջերմ խոսքերով դիմավորել իմ ծանոթ կանանց և անծանոթներին ևս:
- Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի դիպուկ ձևակերպմամբ` «Տաղանդավոր մարդկանցով պետք է հիանալ, նայել նրանց իբրև հրապուրիչ տեսարանի, բայց ապրել նրանց հետ երբեք»: Հետաքրքիր է` դուք բախվե՞լ եք նման խնդրի:
- Ոչ, որովհետև եթե դու շատ հարգում ես այդ մեծությանը, պիտի սիրով տանես նրա երբեմն «մանկական», երբեմն ուղղակի անտանելի համառությունները, որոնք, սակայն, նրա մակերեսն են ընդամենը: Չի կարելի խորքայինը նույնացնել մակերեսի հետ:
- Ձեր բեմադրած կերպարները ընդամենը կերպարնե՞ր են եղել, թե՞ օգնել են կյանքի ճշմարտությունները ճանաչել և առաջնորդվել դրանցով:
- Օրինակ «Պողիկտոս» օպերան ես բեմադրել եմ մոտ տասը տարի առաջ, բայց իրականում այն բեմադրել եմ 5 տարեկան հասակիս: Ես ունեի  հռոմեական տեսարաններ, խոշտանգումների, գլադիատորների: Եվ հիշում եմ` Լիբանանում, երբ հիվանդանում էի, մայրս մի մեծ ապակե խոշորացույց ուներ, տալիս էր ինձ, ու ես դրանով ուշադիր նայում էի այդ նկարները: Ես տեսնում էի այդ պատկերները նույնիսկ զառանցանքի մեջ:
  Հետո, «Պողիկտոսը»  բեմադրելիս, ես ուղղակի  վերարտադրեցի այն տեսարանները, որոնք իմ մանկության հրապուրանքներն էին` իհարկե արդեն մեծ տարիքի ապրված հուշապատկերների խառնուրդով: Ուզում եմ ասել, որ կա մի ենթագիտակցական աշխարհ, որը ամբողջ կյանքում մարդու հետ է, և այդ աշխարհը շատ ավելի հարուստ է հաճախ, քան գիտակցությունը: Հիշու՞մ եք Շվեյկի մոտ հանճարեղ մի տող կա, որ խենթանոցում մեկն է ասում, ասում է`«Մի գիտնական հենց նոր մի գյուտ է արել, նա հայտնաբերել է, որ այս երկրագնդի մեջ կա մի այլ գունդ, որը իր չափերով անհամեմատ ավելի մեծ է, քան արտաքին գունդը»: Եվ իսկապես արվեստում եթե այդ ներքին գունդը չլինի, որը անհամեմատ ավելի մեծ է, քան արտաքինը, արվեստը արվեստ չի լինի: Այդ պարադոքսալ, առեղծվածային միտքը միշտ արվեստում առկա է:
- Ձեզ գոհացնու՞մ են ներկայիս մշակութային միտումները: Ի՞նչն է մտահոգում ավելի շատ:
- Օ, դա սադրիչ հարց է, քանի որ ես արդեն 4.5 - 5 տարի է վտարված եմ այդ ասպարեզից, բայց կարծում եմ` նոր նախարարը քայլեր կձեռնարկի, որպեսզի մշակույթի մեծերը վերադառնան մշակույթի դաշտ:
  Վերջին 6-7 տարիներին շատ պատահական քայլեր են եղել մշակույթի մեջ: Պատշաճ չէ մեր մշակութային երկրին այսպիսի անծրագիր, անղեկ և անառագաստ վիճակի մեջ հայտնվել: Իհարկե, գոհ չեմ կարող լինել այսօրվա անծրագիր արվեստից: Կարծում եմ մի փայլուն գործ պիտի ստեղծվեր, օրինակ, ղարաբաղյան հաղթանակի մասին: Ինքս ունեմ այդպիսի ծրագիր բեմադրելու, ասենք, «Դավիթ-Բեկ» օպերան, որը մեր միակ ռազմահայրենասիրական օպերան է և հանճարեղ երեժշտական դրվագներ է պարունակում ազատության, ազգասիրության, ֆիդայական շարժման մասին: Եվ դա այսօր պիտի բեմ հանվեր, որովհետև այսօր մեր հայրենիքում պակասել է հենց այդ հայրենանվեր զգացողությունը: Երաժշտության մեջ պակասել է երաժշտությունը, թատրոնի մեջ թատրոնն է պակասել: Մեր մտահոգությունների կիզակետը այդ պետք է լինի:  

- Ի՞նչ կուզենայիք ասել այն երիտասարդներին, ովքեր  գործում են մշակույթի ոլորտում:
- Պետք է շատ ավելի խորապես նվիրված լինել մեր ազգային մշակույթին: Ազգային ասելով ես ի նկատի չունեմ միայն ֆոլկլորը, թեև և՛ ֆոլկլորը, և՛ քաղաքային ֆոլկլորը, և՛ դասական երաժշտությունը ու, այսպես ասած, ռաբիսը մերն են: Ազգային մշակույթ ասելով ես ի նկատի ունեմ այն նմուշները, որոնք նաև համաշխարհային չափանիշների համաձուլվածքն ունեն և միաժամանակ ունեն մեր երկհազարամյա արտավազդյան թատրոնի, երկհազարամյա եկեղեցական, ճարտարապետական, մանրանկարչական մշակույթի սինթեզը:
  Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը շատ ավելի վստահ լիներ, չգնար անընդհատ դրսին նմանակելու ճանապարհով, իմանար որ ինքն ունի այնպիսի արժանիքներ, որոնց համար դրսում իրեն են նախանձում. և իր ազգային երաժշտության, և իր տաղանդի… Ճիշտ է կան դրսևորումներ, հատկապես հեռուստատեսային ոլորտում, որոնք բնավ սազական չեն մեր մշակութային ազգին, բայց մեր երիտասարդները հիմնականում շատ տաղանդավոր են: Երբեմն նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես անվերջանալի է մեր ազգային հունդը, մեր ազգային ավիշը, որն ավելի է զարգանում ժամանակի հետ:


Զրուցեց Հայկ Բլբուլյանը: (2004)



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://s018.radikal.ru/i515/1307/26/a6d81d70cf5a.jpg
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: Kiss.am (02.07.13) | Հեղինակ: erkusov.com W
Դիտումներ: 1983 | Տեգեր: մշակույթ, Դիմանկարներ, աստղեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика