menu
person

Պարզվում է՝ խմբով աշխատելիս մարդիկ ավելի ծույլ են դառնում

 


 

   2ov.am

Ալարկոտությունը մարդկանց ամենաբնորոշ հատկություններից մեկն  է: Եթե հասկանում ենք, որ կարող ենք այսօրվա գործը վաղվան թողնել, ավելի հաճախ այդպես էլ անում ենք: Դուք կարող եք առարկել, ասել, որ այդպես չէ, որ դուք չեք ալարում և միշտ հասցնում եք ավարտել բոլոր գործերը, և մենք, իհարկե, ձեզ կհավատանք:
 

Երբ մարդը կատարում է իր աշխատանքը և սեփական աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է, նա ջանք չի խնայում այդ աշխատանքը լավագույն ձևով անելու համար: Սակայն, երբ մարդիկ աշխատում են խմբով և արդյունքն էլ խմբային է  լինելու, սկսվում է ալարկոտությունը: Իհարկե, խոսքը ոչ բոլոր տեսակի խմբային աշխատանքների մասին է: Օրինակ՝ ֆուտբոլը խմբային աշխատանք է, սակայն խաղացողներից ամեն մեկն ունի իր առանձին պարտականությունները, և նրա աշխատանքը, բացի խմբայինից, առանձին էլ է գնահատվում: Իսկ եթե, օրինակ, գործարանում պետք է ինչ-որ սննդամթերք փաթեթավորել, և բոլորն անում են նույն աշխատանքը, առանձին մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը չի երևում: Ուստի և մարդկանց մեծ մասը մտածում է, որ եթե մի քիչ էլ «գլուխ պահի», բան չի պատահի, և աշխատում է  պակաս արդյունավետությամբ:

Այս երևույթը մի խումբ հոգեբաններ անվանել են սոցիալական ալարկոտություն և կատարել են մի շարք փորձեր: Երեք փորձարկվողի խնդրել են պարան քաշելու խաղին մասնակցել և նշել են, որ նրանց կօգնեն ևս երեք հոգի: Վերջին երեքն իրականում դերասաններ էին, ում հանձնարարված էր ձևական բռնել պարանը և չքաշել: Այսինքն՝ փորձարկվողները գիտեին, թե թիմում վեց հոգի են, մինչդեռ իրականում երեքն էին պարանը քաշել: Հետո երեք դերասաններին առանձնացրել են և միայն փորձարկվողներին են խնդրել պարանը քաշել: Այս անգամ գործադրված ջանքերն ավելի մեծ են եղել, քան նախորդ փորձում, չնայած որ երկու դեպքում էլ պարանը ձգել են նույն երեք հոգին: Այսպիսով, հետազոտողները եզրակացրել են, որ երբ արդյունքի պատասխանատվությունը բաշխվում է  շատ մարդկանց վրա, մարդիկ առիթից օգտվում են և ալարում են ջանք գործադրել:

Հետագայում կատարվել են այսպիսի բազմաթիվ փորձեր, որոնք հաստատել են, որ սոցիալական ալարկոտությունն իսկապես գոյություն ունի: Բանն այն է, որ երբ մենք մենակ ենք, փորձում ենք լավ աշխատել, որովհետև ունենք գնահատվելու խնդիր. մեր աշխատանքի արդյունքների համար մենք ենք պատասխանատու: Իսկ երբ մենք խմբով ենք աշխատում, գնահատվելու խնդիր չկա, պատասխանատուն միայն մենք չենք, այլ ամբողջ թիմը: Իհարկե մենակ աշխատելու դեպքում էլ խանգարող գործոն է դառնում սխալվելու վախը և անհաջողության տագնապը: Խմբով աշխատելիս հայտնի է, որ մարդիկ առավել համարձակ են գործում քան մենակ:

Իրականում կոլեկտիվ աշխատանքի դեպքում ոչ միշտ ենք ալարում: Եթե աշխատանքը մեզ համար սիրելի է, և բոլորս էլ կամենում ենք նույն նպատակին հասնել, մենք կարող ենք առավելագույն ջանքեր գործադրել մեր նպատակին հասնելու համար: Պետք է հաշվի առնել նաև այն, թե որքանով ենք մենք այդ խմբի հետ նույնականանում, որքանով է դա «մերը», որքանով ճիշտ են որոշված խմբային աշխատանքի նպատակները: Այնպես որ սիրելի աշխատանքը  սիրելի կոլեկտիվում միշտ արդյունավետ է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol25/socialakanalarkotutyun.png
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Kiss.am (22.07.14) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 1088 | Տեգեր: ծուլություն, հոգեբանություն, հոգեկան առողջություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика