RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Հետաքրքիր

ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ չխամրող կերպարը և խորամանկ հնարքները

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

 Կլեոպատրա

Կլեոպատրայի մնայուն կերպարը իբրև հեշտանքի թունդ մարմնավորում ձևավորվել է դեռ անտիկ շրջանում: Միջնադարում Դանթեն նրան անվարան տեղադրում է դժոխքում` Շամիրամի ու գեղեցիկ Հելենայի կողքին: Պուշկինի «Եգիպտական գիշերներ» Կլեոպատրան երեկոները հանձնվում է իրեն տենչողներին` պայմանով, որ լուսաբացին  կսպանվեն: Նրա կերպարին բազմիցս անդրադարձել են պատմաբաններ, գրողներ, արվեստագետներ: Նրա մասին արտահայտվել են նախատինքով, վրդովմունքով, անհաշտ թշնամանքով, բայց և ակամա հիացմունքով` արժանին մատուցելով նրա վառ անհատականությանը: Այո', այդ կինն իսկապես կարող էր լինել դաժան, գոռոզ, նենգ, չարաճճի, քնքուշ, խորամանկ, սակայն ոչ երբեք` ձանձրալի ու պարզունակ:


Ի՞նչ է նրա մասին վկայում մեզ պատմությունը:

Կլեոպատրան ծնվել է մ.թ.ա. 69թ և մահացել 30թ.-ին: Նա սերում էր Պտղոմեոսների արքայական տոհմից, որի հիմնադիրը Ալեքսանդր Մակեդոնացու զինակիցն էր: Վեջինս մեծ զորավարի մահից հետո ժառանգեց փլուզվող կայսրության մասը կազմող Եգիպտոսը: ՈՒստի Կլեոպատրան իր նախնիների նման ոչ թե եգիպտուհի էր, այլ հույն:

Հոր մահից հետո նա, ըստ կտակի, պետք է ամուսնանար եղբոր հետ և նրա հետ միասին ղեկավարեր երկիրը: Մինչդեռ անչափահաս արքայազնի խնամակալների բանսարկություններով աղջիկը մեղադրվում է եղբոր դեմ դավեր նյութելու մեջ: Պատժի սպառնալիքը կանխելու համար Կլեոպատրան թաքնվում է, դառնում վտարանդի:

Այդ ժամանակ պատմական բեմի վրա հայտնվում է մի նոր գործող անձ` Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը, որին պատերազմը բերել էր Եգիպտոս: Կլեոպատրան  որոշում է իր բախտը հանձնել մեծն հռոմեացուն: Որպեսզի չարակամները չխանգարեն իրենց հանդիպմանը, նա դիմում է մի հնարքի. փաթաթվելով գորգերի մեջ` պառկում է նավակի հատակին: Հավատարիմ ծառաները գորգերը հասցնում են Կեսարի նստավայրը և տարօրինակ բեռը դնում նրա առջև: Շվարած հռոմեացին դիտում է, թե ինչպես ալեկոծվող գորգերից դուրս է պրծնում մի աղջիկ:

Կլեոպատրայի 20-ը նոր էր լրացել, Կեսարը` հիսունն անց էր: Արքայադուստրը, ի դեմս Կեսարի, ձեռք բերեց զորեղ պաշտպան, որը գահի համար բռնկված պայքարում ապահովեց սիրուհու հաղթանակը: Կլեոպատրան ձերբազատվեց թշնամի եղբորից (նա զոհվեց կռվում) և դարձավ Եգիպտոսի միահեծան տիրուհին:
Կյանքի աշունը թևակոխած Կեսարի համար իր նոր սիրուհու մատաղ հասակի թարմությունն ու աշխուժությունը բախտի մի պարգև էր: Նրանց մտերմությունը գնալով խորանում է և ընդհատվում  միայն Կեսարի սպանությամբ:

Տարիներ անց ճակատագիրը Կլեոպատրային կրկին մի մեծանուն հռոմեացու հետ է կապում` եռապետ Մարկոս Անտոնիոսի: Գալով Կիլիկիա` նա հրամայում է Կլեոպատրային ներկայանալ ու պատասխան տալ քաղաքական մեղադրանքներին: Եգիպտուհին հայտնվում է, բայց ոչ մեղադրյալի տեսքով, այլ խրոխտ կեցվածքով` նման դիցուհի Աֆրոդիտեին: Վստահ իր թովչանքին`  նա մոտենում է իր դատավորին, որն առաջին իսկ հայացքից հրապուրվում է և դառնում  ամբաստանյալի երկրպագուն:

Կլեոպատրան իսկույն նկատում է, որ Կեսարի համեմատությամբ Անտոնիոսն ավելի հասարակ է և հակված հախուռն վայելքների: Որպեսզի Անտոնիոսն ավելի ամուր  կապվի իրեն, խորամանկ կինը չի զսպում, ընդհակառակը` սեփական մասնակցությամբ հրահրում է նրա շվայտ վարքը: Անվերջանալի խրախճանքների մասնակիցները սիրահար զույգի գլխավորությամբ կազմում են
«Աննմանների դաշինք», որի անդամները մրցում են խենթ կատակներ հնարելու արվեստում: Ճարպիկ կինն ընկերակցում էր Անտոնիոսին անգամ զուտ տղամարդկանց վայել զվարճանքներում` զառ էր խաղում, մասնակցում որսի:

Իսկ ինչպիսի
՞ն էր Կլեոպատրայի արտաքինը: Գուցե դա հիասթափեցնի ոմանց, բայց աշխարհի մեծերին հափշտակող այդ կինն ամենևին էլ գեղեցկուհի չէր` բառի սովորական իմատով: Անտիկ գրողները նշում են, որ նրա դիմագծերն անթերի չէին: Դա սակայն, ոչ միայն չէր խանգարում նրա սիրային հաղթանակներին, այլև նույնիսկ ինչ-որ անմեկին հմայք էր հաղորդում նրան:

Կլեոպատրա

Լիբիական քանդակ, Բեռլինի թանգարան


Թագուհին ուներ պաղպատափայլ աչքեր, զգայական բերան: Նրա հայացքը, դիմախաղը, ժպիտը, շարժուձևերը բնորոշ էին կանացի այն տիպին, որին անվանում են պիկանտ, այսինքն` ծակող, ախորժագրգիռ: Կլեոպատրայի կեցվածքում, ճկուն, քայլվածքում` մեկ սահուն ու նազելի. մեկ սրընթաց ու կայծակնային շարժումներով, օձային ինչ-որ բան կար: Նրան ճշմարիտ համեմատում էին առասպելական կախարդ երգչուհի Սիրենայի հետ: Նրա երգաձայն բազմերանգ խոսքը հմայում էր, իսկ սրամտությունն ու բնատուր պերճախոսությունն առինքնում և համոզում էին զրուցակիցներին:

Սակայն այս կնոջ մտերմությունը ոչ միայն սիրո հաճույքներ ու խնդություն էր բերում: Նրա խորհրդավոր հմայքը սիրահարին դարձնում էր անխոհեմ ու մոլոր: Նա, ով կապվեր Կլեոպատրային, դատապարտված էր սայթաքելու, կատարելու ճակատագրական սխալներ` վտանգի ենթարկելով իր հեղինակությունը, պատիվը, կյանքը:

Պատմիչներն ափսոսանքով ու դառնությամբ են նշում, որ անցյալում առույգ ու տոկուն ռազմիկ Անտոնիոսը դառնում է եգիպտուհու
«պոչը» և «փեշից բռնած» կրկնում նրա քայլերը: Անտոնիոսն օգնում է թագուհուն վերացնելու երկրորդ` կրտսեր եղբորը: Իր արշավանքների ավարը` գանձարաններ, քաղաքներ, կղզիներ, որ պետք է հռչակվեր Հռոմի սեփականություն, նա տալիս է սիրուհուն: Պատմում էին, որ մի անգամ քեֆի ժամանակ Անտոնիոսը հանկարծ, ի զարմանս ներկաների, ծնկում է և սկսում  շփել Կլեոպատրայի ոտքերը: Պարզվում է, որ նա կատարում է տանուլ տված մի գրազի պայման:

Կլեոպատրային վիճակված չէր ճաշակել ամուսնական առագաստի բերկրանքը: Ունենալով Կեսարից մեկ, իսկ Անտոնիոսից` երկու երեխա` նա այդպես էլ չճանաչվեց օրինական կին` չնայած ճոխ հարսանեկան նվերներին: Սեփական երջանկությունը նա կարող էր կառուցել միայն ուրիշների բախտի ավերակների վրա: Իսկ երբ սիրային եռանկյունին կազմում են պետությունների տիրակալներ, ապա անձնական կրքերի բախումն արձագանքում է խմորումներով ու պատերազմներով:

Հրատապ գործերը կանչում են Անտոնիոսին տուն, և Կլեոպատրան ակամա բաց է թողնում սիրեկանին ճանկերից: Իտալիայում Անտոնիոսը կարգավորում է հարաբերությունները եռապետ Օկտավիանոսի հետ, և քանի որ իր բացակայության ժամանակ կինը մահացել էր, ընդունում է Օկտավիոնոսի առաջարկը և ամուսնանում նրա քրոջ հետ: Սակայն գործերն Անտոնիոսին կրկին բերում են Եգիպտոսի մերձակա տարածք, որտեղ նա նորից ենթարկվում է երբեմնի սիրուհու ձգողական ուժին:
Անտոնիոսը Կլեոպատրայի գրկում ուրանում է հայրենիք ու ընտանիք: Օկտավիանոսը, որ առանց այդ էլ դժգոհ էր իր դաշնակցի վարքից, չի ներում քրոջը պատճառած վիրավորանքը: Բռնկված ծովային պատերազմում ուխտադրուժ Կլեոպատրան դուրս է բերում իր նավերը մարտից, լքում Անտոնիոսին և նպաստում թշնամու հաղթանակին: Իսկ պարտությունից հետո դիմում է ևս մի նենգ արարքի: Վախենալով ընկերոջ զայրույթից` կարգադրում է սուտ լուր հասցնել Անտոնիոսին` իր ինքնապանության մասին: Կեղծ բոթը դրդում է Անտոնիոսին վերջ տալու իր կյանքին:
Իմանալով իր խորամանկության ողբերգական հետևանքի մասին և զղջալով արածը` թագուհին իր ապարանքն է տեղափոխում մահամերձին և արցունքներով ողողում նրա արյունոտ վերքերը: Անտոնիոսը մահանում է սիրուհու գրկում:

Քիչ անց հայտնվում է հաղթական Օկտավիանոսը: Նա ներում է շնորհում Կլեոպատրային, բայց որոշում է  տանել Հռոմ, որպեսզի թագուհին, իբրև հաղթանակի պատերազմի ավար, զարդարի տրիումֆի շքերթը:
Հպարտ եգիպտուհին գերադասում է մահը: Նա հրամայում է բերել մի թունավոր օձ: Պատմում էին, որ վտանգավոր սողունը խաղաղ էր տրամադրված և միայն երկար գրգռելուց հետո խայթեց կնոջ ձեռքը:


 

Անտիկ կիսանդրի (Բրիտանական թանգարան, Լոնդոն)

Դրամի վրա

Կտավներում...

Կեսար և Կլեոպատրա

Անտոնիոս և Կլեոպատրա

Գվիդո Կանիաչի

 

Սառա Բեռնար

Կինոյում և թատրոնում շատերն են մարմնավորել Կլեոպատրային. ահա առավել հայտնիները.

Ժաննա Դ՛Ալսի

Թեդա Բարա

Քլոդեթ Կոլբեր

Վիվիեն Լի

Էլիզաբեթ Թեյլոր

Սոֆի Լոռեն

Լեոնոր Վառելա

Ջանեթ Սազման

 

 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: erkusov.com (01.05.13)
Դիտումներ: 5345 | Տեգեր: Պատառիկներ պատմությունից, սերը և մեծերը, Կլեոպատրա | - Վարկանիշ -: 0.0/0