menu
person

Անհավանական փաստեր դավաճանության մասին

 


 

   

Անհավատարմությունը կա և, ցավոք, միշտ կլինի: Մենք փորձել ենք բացահայտել կանանց ու տղամարդկանց դավաճանության դրդապատճառները և կօգնենք քեզ կանխագուշակել հավանական վտանգը նախքան քո կեսը կանցնի կոնկրետ քայլերի:

Երկու միֆ աղջիկների և անհավատարմության մասին

Նախ եկեք հերքենք ամենից տարածված միֆը. մենք այս հարցում տղամարդկանցից այնքան էլ հետ չենք մնում: Ըստ Քինսիի համալսարանի վերջին հարցումների` տղամարդկանց 23 և կանանց 19%-ը խոստովանել է սեփական անհավատարմության փաստը: Ի դեպ, գիտնականները պարզել են, որ կանանց դեպքում սեքսն ավելի հզոր դրդապատճառ է, քան զգացմունքային գործոնը: Իրենց զուգընկերոջ հետ սեռական ներդաշնակություն չգտած կանայք նման խնդիր չունեցող կանանց համեմատ 3 անգամ ավելի են հակված դավաճանության: Մինչդեռ զգացմունքային առումով ճնշված կանայք 2.6 անգամ ավելի են հակված կողքից սիրավեպ սկսելուն` մյուս կանանց համեմատ:
Իրենց մեղքի բաժինն ունեն ոչ միայն տղամարդիկ

Զգոն եղիր

Եթե ուզում ես պարզել՝ արդյոք դու միակն ես քո սիրելիի կյանքում, թե ոչ, ուշադրություն դարձրու մի շարք ընդհանուր վարքագծային դրսևորումների, որոնք վկայում են զուգընկերոջդ հավանական սիրավեպի մասին։

Տղամարդկանց համար

1. Նա վերջերս հաճախակի է բացակայում տնից։

2. Նա առաջվա համեմատ ավելի հազվադեպ է սեքսի կարիք զգում։

3. Նա անտեսում է քո հաղորդագրություններն ու զանգերն օրվա ընթացքում։

Կանանց համար

1. Նա առաջվա համեմատ ավելի հազվադեպ է սեքսի կարիք զգում։

2. Նա վերջերս հաճախակի է բացակայում տնից։

3. Նա սկսել է ավելի քիչ շփվել իր ընկերոջ կամ ամուսնու հետ: Օրինակ` նրա հետ մնալու փոխարեն նախընտրում է հեռուստացույց դիտել հարևան սենյակում։

Նրա «խոսուն» դիմագծերը

Վառ արտահայտված առնական դիմագծերով տղամարդիկ, ինչպես ստորև բերված օրինակներում, առավել հակված են անհավատարմության: Այդ նշանները վկայում են նրանց օրգանիզմում տեստոստերոնի մեծ քանակության մասին, ինչը, գիտնականների վկայությամբ, կարող է մեծացնել այլ կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալու ձգտումը:

Արտահայտիչ ստորին ծնոտ

Էշտոն Քատչեր

Լայն ճակատ

Թոնի Փարքեր

Բարակ շուրթեր

Առնոլդ Շվարցենեգեր

Նրա անհավատարմության ցուցանիշը


Կան բազմաթիվ ուսումնասիրություններ` նվիրված տղամարդկանց անհավատարմությանը: Դրանց հիման վրա մենք նախապատրաստել ենք այս աղյուսակը, որը թույլ կտա քեզ պարզել, թե որ խմբին է պատկանում քո սիրած էակը:

1. Երբ միասին ընթրիքի եք գնում, սովորաբար...

a) Վճարում ես դու
b) Վճարում է նա
c) Դուք կիսում եք հաշիվը

2. Ինչպիսի՞ն է նա սեքսի ժամանակ։

a) Մտազբաղ է և մշտապես հարցնում է՝ արդյոք քեզ դուր է գալիս, թե` ոչ։
b) Ագրեսիվ է. դու համարյա ոչինչ անելու կարիք չունես, նախաձեռնությունը նրա ձեռքում է։
c) Հնարամիտ է. սիրում է կիսել քեզ հետ իր ֆանտազիաները և նոր դիրքեր փորձել։

3. Որքա՞ն ժամանակ է նրան անհրաժեշտ առավոտյան պատրաստվելու համար։

a) Մոտ 30 րոպե
b) 10-15 րոպե
c) 5 րոպե

4. Երբ դու հրավիրում ես նրան երեկույթի, որտեղ բոլորն իրեն անծանոթ են, ինչպե՞ս է նա իրեն դրսևորում։

a) Ինքնավստահ ներս է մտնում և շատ ազատ զգում իրեն։
b) Խնդրում է քեզ նախ և առաջ ծանոթացնել իրեն ներկաների հետ։
c) Նա շփվող է, բայց` չափի մեջ։

Հիմնականում` a


Անհավատարմության ցուցանիշը` ԲԱՐՁՐ

Նրա վարքն ուղղակիորեն խոսում է անհավատարմության մասին: Նա ինքնավստահ է, քեզ հետ համեմատած`ավելի քիչ գումար ունի, սակայն կարողանում է մարդկանց վրա տպավորություն գործել և մեծապես հետաքրքրված է, թե ինչ տպավորություն է թողնում անկողնում: Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ նա կատարյալ խաբեբա է և դավաճանում է քեզ, սակայն հավանական վտանգների մասին իմանալը կստիպի քեզ ավելի զգոն լինել:

Հիմնականում` b


Անհավատարմության ցուցանիշը` ՄԻՋԻՆ

Այստեղ միանշանակ ոչինչ ասել չի կարելի. վստահիր նրան, քանի դեռ նա չի ապացուցել քեզ հակառակը: Ուշադիր եղիր վերը նշված կետերի հանդեպ. եթե նկատես որևէ փոփոխություն, ինչպես օրինակ` արտաքինի հանդեպ ավելի բծախնդիր դառնալը, ուրեմն քո սիրած էակը կանգնած է «Բարձր» ցուցանիշ ստանալու վտանգի առջև:

Հիմնականում` c


Անհավատարմության ցուցանիշը` ՑԱԾՐ

Բախտդ բերել է: Հետազոտությունների համաձայն` նման տիպի տղամարդիկ ամենից քիչ են հակված անհավատարիմ լինելուն: Կարող ես թեթևացած շունչ քաշել, բայց և այնպես` ամբողջովին թուլանալ չարժե: Նույնիսկ անհավատարմության ցածր ցուցանիշը չի բացառում այն փաստը, որ Սկարլետ Յոհանսոնի հետ նույն վերելակում փակված մնալով, նա չի տրվի գայթակղությանը:

Դավաճանությունը պարզելու ամենատարածված ձևերը

Ահա թե ինչպես են մեր ընթերցողուհիները պարզել իրենց կեսերի դավաճանության փաստը:

Ընդհանուր ընկերոջ միջոցով - 30 %

Նա ինքն է խոստովանել - 20 %

Հեռախոսում գաղտնի հաղորդագրություններ ու զանգեր գտնելով - 18 %

Էլ. փոստի կամ սոցկայքի փոստարկղի նամակները ստուգելով - 16 %

Այդ «մյուս» կինն է պատմել իրենց կապի մասին - 11 %

Ես ներս մտա հենց «այն» պահին և տեսա նրանց - 5 %

Ինչու նա չի խուսափում իր անհավատարիմ ընկերներից

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ կարող են հեշտությամբ շփվել իրենց կանանց դավաճանող ընկերների հետ, մինչդեռ կանայք դատապարտում են իրենց անհավատարիմ ընկերուհիներին: Տղամարդկանց ուղեղը կարողանում է տարանջատել սեփական բարոյախոսությունը դիմացինի արժեքային համակարգից, նա կարող է բացասաբար վերաբերվել ընկերոջ դավաճանության փաստին և, միևնույն ժամանակ, հաճույքով շփվել նրա հետ այլ մակարդակում և համարել նրան շատ լավ մարդ: Եթե դու դեմ ես դեպքերի նման ընթացքին, ասա նրան այդ մասին: Իհարկե, նա չի դադարեցնի իր շփումը, սակայն կկարողանա բացատրել քեզ, որ շփվելով հանդերձ, չի խրախուսում նման վարքը:

Անհավատարմության մեծն «կնքամայրը»

Ashleymadison.com կայքը ծանոթության կայքի պես մի բան է, սակայն` հարաբերություններից դուրս կապեր փնտրողների համար: Կայքը ներկայանում է որպես «ծանոթությունների համաշխարհային առաջատար ծառայություն` ամուսնացած մարդկանց համար»: Զավեշտալի է հնչում, այնպես չէ՞: Մինչդեռ, այս ընկերությունը տարեցտարի բարգավաճում է:

Ashleymadison.com կայքի անդամագրությունը
(անդամների 70%-ը տղամարդիկ են)

«Կեղտոտ» եկամուտ

2009 թ. շահույթը - 19 մլն դոլար
2011 թ. շահույթը - 39 մլն դոլար

Քո գայթակղության ժամանակացույցը

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամսվա մեջ կան որոշակի օրեր, երբ կինն ավելի հակված է հարաբերություններից դուրս կապեր ունենալու մտքին: Պատճառն այն է, որ ձվազատման ժամանակ հորմոնների քանակությունն օրգանիզմում կտրուկ բարձրանում է, ինչի շնորհիվ կինը դառնում է առավել հրապուրիչ ու գայթակղիչ հակառակ սեռի ներկայացուցիչների համար:

Կարմիր. Դու տարված ես միայն քո կեսով:

Դեղին. Դու տարված ես միայն քո կեսով, սակայն մարզասրահի համակրելի մարզիչն էլ վատը չէ:

Կանաչ. Դու տարված ես... հը՜մ, բոլորն էլ համակրելի են: Չմոռանաս գլխավոր օրենքը` «Նայել կարելի է, իսկ ձեռք տալ` ոչ»:

Թայգերն ընդդեմ կարմայի

Արդեն երկու տարի է, ինչ գոլֆի հայտնի չեմպիոն Թայգեր Վուդսը «բռնվել է» ամուսնական դավաճանության մեջ, և այդ պահից ի վեր նա չի հաղթել և ոչ մի մրցաշարում: Ասես ճակատագրի խաղ լինի: Իհարկե, մի շարք վնասվածքներն իրենց գործն անում են, սակայն մասնագետները նշում են, որ պարտության պատճառը ոչ թե մարզիկի ֆիզիկական, այլ հոգեբանական վիճակն է: «Մշտապես ստող մարդը սկսում է աստիճանաբար հավատալ իր իսկ ստերին, և նրա ողջ էությունն արդեն հիմնված է այդ խաբեության վրա,- ասում է «Ողջ ճշմարտությունը դավաճանության մասին» գրքի հեղինակ, հոգեբան Մ. Գերի Նյումանը,- ուստի, երբ նրա խաբեությունը բացահայտվում է, դա մեծապես խախտում է նրա ինքնավստահության հիմքերը: Իսկ նման հոգեվիճակում հակառակորդի հետ մրցակցելը դժվարին գործ է»: Այնպես որ, սեփական անհաջողությունների մեջ Վուդսը պետք է մեղադրի նախ և առաջ ինքն իրեն:

«Հատուկ» կետ ամուսնական պայմանագրում

Որոշ աստղեր իրենց ամուսնական պայմանագրերում ներառում են հատուկ կետ հավանական դավաճանության մասին. ամուսնու դավաճանության դեպքում կինը դրա դիմաց որոշակի գումար է ստանում: Կարծում ենք՝ տվյալ դեպքում խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: 2000 թ. նման պայմանագիր ստորագրեցին Քեթրին Զեթա Ջոնսն ու Մայքլ Դուգլասը, իսկ անցյալ տարի ամուսնացած Չելսի Քլինթոնն, ըստ մի շարք աղբյուրների, ամուսնու դավաճանության դիմաց որպես հատուցում կստանա 10 մլն դոլար: Չելսիի որոշման դրդապատճառները կարելի է հասկանալ, սակայն մի՞թե նման ծայրահեղ միջոցն իրոք անհրաժեշտ է:

 

Տեսացանկ Կին-Տղամարդ հարաբերություններ

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (08.10.19)
Դիտումներ: 289 | Տեգեր: ՓԱՍՏԵՐ, Անհավանական, դավաճանության, մասին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *