menu
person

10 ռոմանտիկ անակնկալ քո սիրելիի համար

 


 

   

Թարմ, հետաքրքիր զգացողություննե՞ր ես ուզում: Միշտ հիշիր` ձեր ամենասովորական օրն էլ կարելի է տոնական ու յուրահատուկ դարձնել փոքրիկ ռոմանտիկ անակնկալների շնորհիվ։

Ըստ Գայանե Գալստյանի

Հոգեբան` Վերգինե Եսայան

1. Զբոսանք այգո՞ւմ. Ո՛չ, շատ ավելին...

Եթե որոշել եք գնալ զբոսնելու, ապա ժամադրիր նրան Բուսաբանական այգու դիմաց, իսկ ինքդ գնա մեկ ժամ ավելի շուտ: Հետդ վերցրու ծածկոց, մի շիշ գինի (շամպայն) և մրգեր: Մինչ նրա գալն այգու մուտքից մինչև ընտրված վայրը ծառերի վրա գունավոր թղթիկներ փակցրու ու այդպիսով հուշիր ճանապարհը: Իսկ պայմանավորված ժամին նրան sms ուղարկիր. «Ուշանում եմ: Կարող ես այգում սպասել: Տես` ինչ է եղել այդտեղի ԾԱՌԵՐԻՆ»: Գուշակիր, թե ինչ հուզված դեմքով նա կհայտնվի` ձեռքում գունավոր թղթիկներն, ու էլ ավելի կզարմանա` տեսնելով քեզ ծածկոցին նստած, ձեռքումդ՝ գինու բաժակ:

2. Համբույր` ծիծաղի դիմաց

Համբույրը երբեք քիչ չի լինում. ավելի հաճախ համբուրվելու համար առաջարկիր նրան մի խաղ, որը երկուսիդ էլ շատ դուր կգա: Կանոնները պարզ են` համբույր` ծիծաղի դիմաց: Բայց սա ամենը չէ. տեսավարձույթի սրահից վերցրու շատ զվարճալի մի կատակերգություն, ու այն դիտելու ընթացքում ով առաջինը սկսի ծիծաղել, պետք է համբուրի մյուսին: Դե իսկ եթե շատ ծիծաղելի ֆիլմ լինի, վախենամ` չկարողանաք մինչև վերջ դիտել :-)

3. Սպասումը երկարաձգում է հաճույքը

Ժամանակ առ ժամանակ նրա համար փոքրիկ նվերներ պատրաստիր` բաժակ, նրա սիրած ֆուտբոլային թիմի նշանով որևէ հուշանվեր, մի խոսքով` կարևոր չէ, թե ինչ. կարևորն այս դեպքում մատուցման ձևն է: Ասա, որ նրան նվեր է սպասվում, ու տուր փոքրիկ բացիկ, որի մեջ գրված կլինի հաջորդ բացիկի տեղը (ամենավերջին բացիկում նշիր, թե որտեղ է դրված նվերը): Համոզված եմ` քեզ համար շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է նա անհամբեր երեխայի նման վազվզում սենյակներում, որպեսզի գտնի հերթական բացիկն ու վերջապես հասնի նվերին:

4. «Այդ ի՞նչ ես գրել... չեմ համբերում»

Գնիր որևէ նկարով փազլ (100-200 մասից բաղկացած), հավաքիր այն ու հետևի կողմում գրիր սիրո խոստովանություն կամ որևէ ռոմանտիկ երկտող: Այնուհետև քանդիր հավաքածդ ու փազլը նվիրիր նրան: Եթե ցանկանում ես, որ փազլը լինի քո նկարով, խնդիր չէ. Երևանում կան մի քանի ընկերություններ, որոնք պատրաստում են պատվերով փազլներ:

5. «Ես քեզ սիրում եմ»` ամեն անկյունում

Պատկերացրու մի պահ. նա գնում է աշխատանքի (կամ դասի), ու հագուստի բոլոր գրպաններում, նոութբուքի պայուսակում, մի խոսքով` ամենուրեք քո սիրո խոստովանություններով սրտաձև թղթիկներ են: Բայց զգույշ եղիր. այս անակնկալը խորհուրդ չէի տա մատուցել այն օրը, երբ նա կարևոր գործնական հանդիպման կամ ժողովի է:

Cosmo հոգեբան: Խորհուրդ չէի տա շատ տարվել նման անակնկալներ պատրաստելով: Հիշիր, որ տղամարդն ունի այլ պահանջմունքներ ևս: Առաջին հերթին դա «նվաճողի», «որսորդի» բնազդն է: Նույնիսկ հետաքրքիր և անակնկալներով լի կինը կարող է ձանձրացնել, եթե միշտ լինի «մատչելի»:

6. «Քեզ շնորհում եմ լավագույն սիրեկանի տիտղոս»

Սպորտային խանութներում վաճառվում են տարբեր գավաթներ. գնիր մեկը և միասին անցկացրած գիշերից հետո նվիրիր նրան: «Դու աշխարհի ամենալավ սիրեկանն ես» խոսքերի ուղեկցությամբ շնորհվող գավաթից նա ուղղակի կկորցնի գլուխը:

Cosmo հոգեբան: Եթե կա իսկական սեր, ապա դժվարություններն ու փորձությունները միայն ավելի ամուր կդարձնեն այն: Իսկ եթե դա ընդամենը սիրահարվածություն է, և դու փորձում ես տարբեր հնարքներով երկարաձգել այդ հարաբերությունները, մի պահ մտածիր՝ արդյո՞ք արդարացված են ջանքերդ:

7. «Միասին... փուչիկ ենք պայթեցնում»

Ձեր սենյակը լցրու շատ փուչիկներով ու նրան առաջարկիր միասին պայթեցնել դրանք` գրկվելով ու համբուրվելով: Ինչքան ուժեղ գրկեք միմյանց, այնքան ձեր միջև դրված փուչիկներն ավելի հեշտությամբ կպայթեն: Հա, մոռացա, այս խաղի պայմաններից մեկն էլ համբուրվելն է։ Փուչիկը դրեք ձեր կրծքավանդակների հատվածում ու փորձեք հասնել իրար շուրթերով: Այդ զվարճալի մթնոլորտն ավելի ռոմանտիկ դարձնելու համար փուչիկների մեջ տարբեր խոստովանություններով ու ցանկություններով թղթիկներ դիր:

8. «Պարո՛ն, իսկ աղանդե՞րը»

Երբ նա տուն գա, ընթրիքից հետո մեկնիր նրան «աղանդերային» մենյուն, և թող ինքն ընտրի` ինչպես շարունակել երեկոն: Դե իսկ մենյուի մեջ գրիր ինչ խենթ ու ռոմանտիկ բան մտքովդ կանցնի, օրինակ`

• մերսում թույլ լուսավորված սենյակում
• շամպայն` ելակով ու սերուցքով
• լոգանք վարդի թերթիկներով
• 20 համբույր
• բանաստեղծություն` քո կատարմամբ
• դանդաղ պար` ձեր սիրած երգի ներքո...

Կարող ես տուրք տալ երևակայությանդ։ Այս «փորձությունը» կօգնի քեզ նաև ավելի լավ հասկանալ նրա ցանկությունները...

9. «Համեղ» նկարչություն

Գնիր մի քանի կրեմ` շոկոլադի, ելակի, վանիլի կամ այլ համերով ու դրանով միասին նկարեք կամ գրեք միմյանց մարմնի վրա... իսկ հետո` բարի ախորժակ:

Cosmo հոգեբան։ Սակայն չմոռանաս, որ երբեմն հանգիստ մթնոլորտն ու լռությունը հենց այն են, ինչ հարկավոր է քո տղամարդուն:

10. «Խելոք մնա, թե չէ Մեշոկ պապին կգա»

Հիշո՞ւմ ես` ինչպես էիր երեխա ժամանակ պահմտոցի ու բռնոցի խաղում... Իսկ ինչո՞ւ միայն երեխա ժամանակ: Առաջարկիր նրան պահմտոցի խաղալ... այո՛, հենց տանը: Մի լա՜վ կվազվզեք տան մեջ, իսկ թաքնվողին գտնողը կստանա մեկ համբույր (մնացածը թողնում եմ քո երևակայությանը):

Կարող եք խաղալ ևս մեկ խաղ: Մտիր մեծ պարկի մեջ, ու թող նա քեզ տեղափոխի տան մի ծայրից մյուսը, իսկ դու կփորձես գուշակել` ուր է նա քեզ տարել: Զվարճալի ժամանցն ապահովված կլինի:

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ նորության ու թարմության կարիք ունի: Cosmo հոգեբան Վերգինե Եսայանի կարծիքով` եթե կինն այդ ցանկությունը բավարարում է՝ պահարանը թարմացնելով կամ սանրվածքը փոխելով, ապա տղամարդն այդ նորությունը կնոջ կամ կանանց մեջ է փնտրում: Ուստի առաջարկվող անակնկալները խունացած զգացմունքները թարմացնելու հրաշալի միջոց կարող են դառնալ:

«Տղամարդիկ սիրում և գնահատում են այն, ինչը ոչ միայն դժվարությամբ են ձեռք բերել, այլ նաև այն, ինչի մեջ մեծ ներդրում ունեն` թե՛ նյութական և թե՛ ֆիզիկական առումով: Այսինքն` ոչ միայն նվիրեք նրան այսպիսի անակնկալներ, այլև նրանից ևս պահանջեք ուշադրության նշաններ ու անակնկալներ»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:'

Տեսացանկ Կին-Տղամարդ հարաբերություններ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Kiss.am (11.10.19)
Դիտումներ: 654 | Տեգեր: ՀԱՄԱՐ, 10, սիրելիի, անակնկալ, քո, ՌՈՄԱՆՏԻԿ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *