menu
person

Ինչպես փորձել լավ հարաբերություններ ստեղծել սկեսուրի հետ

 


 

   

Անկախ նրանից` ընկերոջդ մայրը հրապուրիչ կին է, թե նյարդերիդ ազդող անձնավորություն, նա կարևոր դերակատարություն ունի ձեր երկուսի հարաբերություններում: Իսկ թե հատկապես ինչպիսի դեր, արժե իմանալ:

Մայրիկը նրան աստվածացրել է

Հավանականությունը մեծ է, որ նա կցանկանա իր կողքին ունենալ այնպիսի կին, ով կվերաբերվի իրեն ինչպես մայրը` մանուկ հասակում: «Մոր հետ հարաբերությունները նրա համար կարծրատիպ են, թե ինչ է անհրաժեշտ սիրված և պաշտպանված զգալու համար»,- բացատրում է հոգեբան Լես Պարոտը: «Ենթագիտակցորեն այդ հարաբերությունները նրա համար դառնում են չափանիշ, կյանքի մոդել»: Եթե մայրն իր սերն արտահայտում է՝ անընդհատ ասելով, թե որքան կարևոր է տղան իր համար, և մշտապես գովաբանում է որդուն, ուրեմն, ամենայն հավանականությամբ, քո տղամարդն այն տեսակն է, որին պետք է նաև բառերով վստահեցնել, որ սիրում ես: Եթե մայրն իր զգացմունքներն արտահայտել է՝ նրան համբուրելով ու գրկելով, այս դեպքում խոսքերդ կարող են ապարդյուն անցնել, մինչև դրանք չզուգորդես ֆիզիկական շփումով:

Ամեն ինչ չէ, որ կատարյալ է

Եթե նույնիսկ տղամարդը մտերիմ հարաբերություններ ունի մոր հետ, երկար տարիներ նույն տանիքի տակ ապրելը կարող է հանգեցրած լինի որոշ խնդիրների: Նա կարող է չափազանց զգայուն լինել կոնկրետ հարցերի և իրավիճակների նկատմամբ, քանի որ դրանց հետ կապված վատ հիշողություններ ունի դեռ մանկության տարիներից:

«Հիշողությունները շատ մեծ ուժ ունեն. կարող ես անել որևէ բան, և դա նրա մոտ արթնացնի այն բացասական զգացողությունները, որ նա ունեցել է անցյալում: Արդյունքում՝ նա կարող է վատ արձագանքել արածիդ»,- զգուշացնում է հարաբերությունների փորձագետ Կարեն Շերմանը: Եթե մայրը հազվադեպ է ներկա եղել նրա ֆուտբոլային խաղերին, նա կարող է վիրավորվել, երբ չես հարցնում` ինչպես է անցել հերթական հանդիպումը, և ենթադրել, թե հետաքրքրված չես իր կյանքով: Կամ եթե մայրը քննադատել է տղային թափթփված տեսք ունենալու համար, նրան կարող է հունից հանել նույնիսկ այն, երբ փոքր-ինչ բազմանշանակ հայացքով նայես նրա սիրելի կոշիկին:

Եթե նա հավանություն չի տալիս, դեռ չի նշանակում, որ դա վերջն է

Խիստ մայրիկներ ունեցող տղամարդկանց մեծ մասը գիտի, որ հեշտ չի լինելու շահել մոր հավանությունը, և նշանակություն չունի` որքան լավն է քո ընտրյալը:

Եվ այսպես, եթե առաջին հանդիպմանը մայրիկի հետ լեզու չես գտնում, դա ամենևին չի նշանակում, որ ձեր ապագան կասկածի տակ է դրված: Ինչպե՞ս հասկանալ հետագա քայլերը: «Ուշադրություն դարձրու տղայի արձագանքին»,- ասում է Մինեսոտայի համալսարանի ընտանեկան սոցիոլոգիայի պրոֆեսոր Ուիլյամ Դորփին: Եթե նա փորձում է վստահեցնել քեզ, թե ամեն ինչ կարգին է՝ անդրադառնալով նաև մոր պահվածքին («Նա իրեն բոլորի հետ սկզբում այսպես է պահում, բայց կսիրի քեզ, հենց որ ավելի լավ ճանաչի»), ուրեմն լավ է:

Սա խոսում է այն մասին, որ կողքիդ տղամարդը քո զգացմունքներին լուրջ է վերաբերվում և չի փորձում շրջանցել տեղի ունեցածը: Մինչդեռ եթե նա վստահեցնում է, թե մոր պահվածքում որևէ վատ բան չկար («Ի՞նչ, նա բացարձակապես վատ չվերաբերվեց քեզ»), ապա զգուշացիր. հնարավոր է՝ մոր հետ կապված հարցերում նա երբեք չաջակցի քեզ:

Այնուամենայնիվ, շարունակիր բարեհամբույր լինել

Նշանակություն չունի՝ ինչպես ես վերաբերվում նրա մայրիկին: Մոր հետ հարաբերությունները տղամարդու` կնոջ հետ ունեցած առաջին հարաբերություններն են, և դրանք ամենակարևորն են: Տղամարդու համար չափազանց կարևոր է մոր կարծիքը: Սա նշանակում է, որ եթե որևէ հարցում համաձայն չես նրա հետ (օրինակ՝ ստիպում է ձեզ այցելել իրեն ամեն հանգստյան օր), սկեսրոջդ չարախոսելը կամ նրան հակադրվելն ամենևին էլ լավ գաղափար չէ:

Այդպես դու բարդ կացության մեջ ես դնում տղամարդուն, և հնարավոր է՝ վերջինս մեղադրի քեզ իրեն այդ իրավիճակում դնելու համար: Հետևաբար՝ փոխանակ դժգոհելու, թե նրա մայրը «չափից ավելի է պահանջում», ավելի խելացի տակտիկա ընտրիր. «Կցանկանայի հանգստյան օրերից մեկը միասին անցկացնեինք, միայն ես և դու»: Երբ նա պաշտպանվելու կարիք չունի, ավելի է հակված ընդունելու առաջարկդ, հետևաբար նաև՝ ճիշտ որոշում կայացնելու:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամուսնություն | Ավելացրեց: Kiss.am (06.10.19)
Դիտումներ: 172 | Տեգեր: ստեղծել, սկեսուրի, Լավ, հարաբերություններ, փորձել, Ինչպես, հետ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *