menu
person

Ինչպե՞ս ուղղել կեցվածքը հարցական նշանից բացականչական

 


 

   

Կորացած մեջք, կախ, անկենդան ուսեր և վիզ, մշտապես լարված մկաններ... Այս նեանդերթալյան, հուսահատ կեցվածքը ոչ միայն գրավիչ չէ, այլև վնասակար է քո առողջությանը, ինչպես նաև ինքնազգացողությանն ու ինքնագնահատականին: Կեցվածքն ուղղելու համար առաջարկում ենք տարբերակներ, սակայն նախքան բուն գործին անցնելը մի պահ համոզվիր, որ վերը նշված պատկերը չի համապատասխանում քո ներկայիս դիրքին, ուղղիր մեջքդ և հետո միայն շարունակիր կարդալ:

Ըստ Աստղիկ Բաղդասարյանի

Կեցվածքի և ինքնավստահության միջև կապը առավել ուսումնասիրելու համար Օհայոյի պետական համալսարանը վերջերս 71 ուսանողների շրջանում անցկացրել է մի հետաքրքիր հետազոտություն: Պարզվել է, որ հարցման «ուղիղ կեցվածքով» մասնակիցները, ի տարբերություն կծկվածների և անվստահների, առավել վստահ և լավատես են մասնագիտական իրենց հետագա ծրագրերի վերաբերյալ: Այսպիսով՝ գեղեցիկ կեցվածքն ակնհայտորեն խոսում է ինքնավստահության և ուժի մասին, իսկ երբ դու ինքնավստահ ես, առավել գրավիչ և վստահելի ես դառնում մարդկանց համար. սա գիտնականները նույնպես ապացուցել են:

Բնությունը մեզ բնականորեն պարգևում է կատարյալ կեցվածք, սակայն նստակյաց աշխատանքային առօրյան` 6- 8 ժամ աշխատասեղանի առաջ և մեքենայի ղեկին, գումարած ամենօրյա խնդիրներն ու սթրեսը և ամենօրյա հոգսերի բեռը ուսերիդ ստիպում են քեզ կծկվել և կորցնել երբեմնի գեղեցիկ ու վստահ կեցվածքդ: Այն ետ բերելն ու ուղղելը, իհարկե, հնարավոր է, սակայն երկար աշխատանք ու կամքի ուժ է պահանջում:

Հիմա արդեն մի քիչ ավելի ուղի՞ղ ես նստում: Հիանալի է: Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ազատվել մեջքը կորացնելու վատ սովորությունից և ձեռք բերել վստահ ու կանացի կեցվածք:

Յոգա

Հաճախիր Յոգայի ընդհանուր կամ հատուկ կեցվածքի ուղղման դասընթացների: Յոգայի մեջքի ձգման և ուժեղացման վարժությունները կօգնեն ուղղել կեցվածքդ` ողնաշարը ձգելով և երկարացնելով: Ողնաշարը շրջապատող լարված մկանները թուլացնելուց հետո երբեմնի «անհրաժեշտություն» դարձած մեջքը կորացնելու սովորությունը աստիճանաբար կանհետանա: Աշխատանքային օրվա ավարտից հետո յոգան նաև կօգնի քեզ ազատվել ավելորդ լարվածությունից և վերալիցքավորվել նոր էներգիայով:

Բժշկական մերսումներ

Հաճելի լինելուց բացի մերսման հատուկ տեսականեր կարող են օգնել ազատվել մեջքի մկանային լարվածությունից, վերադասավորել ողնաշարի բնական կորերը և ուղղել կեցվածքդ: Մերսման թերապիայից հետո հաճելի փոփոխություններ կզգաս ոչ միայն ողնաշարի հատվածում, այլև ընդհանուր ինքնազգացողությամբ` ավելի թեթևացած և ազատ զգալով:

Ծանրաքարերով վարժություններ

Ծանրաքարեր բարձրացնելու գաղափարը միգուցե տարօրինակ հնչի, սակայն կեցվածքի հետ կապված խնդիրները գրեթե միշտ կապված են նաև թույլ մկանների հետ: Թեթև ծանրաքարերով 2-3 վարժությունը մարզասրահում մեջքիդ և ուսերիդ մկաններին ուժի մեծ հոսք կապահովի: Սակայն մի կարևոր պայման, հիշի´ր, որ ծանրաքարերով վարժությունների արդյունավետությունը պայմանավորված է ոչ թե դրանց ծանրությամբ, այլ վարժության շարունակականությամբ:

Օգտակար գնդակը

Եթե գրասեղանի առաջ կծկվում ու կորանում ես, ապա ձեռքիդ տակ ունեցիր թենիսի գնդակ: Այս փոքրիկ գնդակը հրաշալիորեն օգնում է ճիշտ նստել գրասեղանի մոտ: Ուղիղ նստած դիրքում աթոռի և քո մեջքի միջև թենիսի գնդակ դիր և փորձիր այն պահել մեջքով` պարբերաբար այն սեղմելով: Այս վարժությունը սկզբում, իհարկե, անհարմար և դժվար կթվա, սակայն այս մշտական «մարզումը» օգտակար սովորություն կդառնա վատ կեցվածքից ազատվելու ճանապարհին:

Բարձրակրունկներ vs սպորտային կոշիկներ

Կան բաներ, որոնց մասին դժվար է լսել, ու երբեմն տհաճ ընդունել: Այո´, բայց ամեն օր, առավոտից երեկո բարձրակրունկներ կրելը հսկայական վնաս է հասցնում քո կեցվածքին: Հնարավորության դեպքում խուսափիր բարձրակրունկներ կրելուց, փոխարինիր դրանք ավելի հարմարավետ ամենօրյա կամ սպորտային կոշիկներով: Դրան գումարած, եթե ուզում ես գեղեցիկ կեցվածք ունենալ, ապահովիր օրական գոնե մեկ ժամ արագ քայլք հարմարավետ սպորտային կոշիկներով:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (09.10.19)
Դիտումներ: 225 | Տեգեր: հարցական, նշանից, ուղղել, Ինչպե՞ս, կեցվածքը, բացականչական | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *