menu
person

Սեռական կյանք. Ցանկության անկում կնոջ մոտ

 


 

   Նոնա Դավթյան

«Եվ Աստված կնոջը ստեղծեց արեգակի մի քանի պայծառ ճառագայթներից, արևածագի բոլոր գրավիչ երանգներից, մագնիսի ձգողականությունից, սառույցի փխրունությունից, կատվի ճկունությունից և կրակի այրող ջերմությունից...»
 
Հատված չինական ժողովրդական մի ասքից
 
 

Սիրո դրսևորումները շատ տարբեր են ու բազմազան, սակայն յուրաքանչյուր զույգ լավ գիտե, որ սիրո ամենաբարդ դրսևորումը սերն է... անկողնում: Սեքսը կարող է երջանկացնել ու թարմ լիցքեր հաղորդել, բայց կարող է նաև բազում մտատանջությունների և վեճերի պատճառ դառնալ, եթե կողմերից մեկը «չի ուզում»: Զուգընկերներից մեկի անտարբերությունը կամ սեքսից ընդհանրապես հրաժարվելն էապես կախված է մի շարք գործոններից: Որպես կանոն՝ սեքսի հանդեպ հետաքրքրության պակասից դժգոհում են կանայք, սակայն մեր երկրում 10 կնոջից հազիվ 2-ի մտքով է անցնում, որ անկողնում իր վարքագիծը պայմանավորող գործոններից հարկավոր է ձերբազատվել ամուսնու աջակցությամբ, երբեմն նույնիսկ՝ դիմելով հոգեվերլուծաբանի, սեքսոպաթոլոգի մասնագիտական օգնությանը:

Այնուամենայնիվ, ինչու՞ կինն անկողնում չի ձգտում տղամարդու հետ մտերմության, եթե նրանց մեջ սերը դեռ չի մոխրացել և կինն էլ նախկինում անցանկասեր չի եղել:

Սեռական ցանկության բացակայության դեպքերի միայն մի մասն է կախված օրգանիզմի ֆիզիկական վիճակից, օրինակ՝ որոշ կանացի հիվանդություններից՝ միոմաներ, էրոզիաներ: Սեքսի նկատմամբ անտարբերության ձևավորմանը կարող են նպաստել մի շարք այլ հիվանդություններ ևս՝ կապված ստամոքսաղիքային տրակտի, միզասեռական, շնչառական և սրտանոթային համակարգերի խախտման հետ: Երբեմն «մեղավոր» են լինում դեղամիջոցները, եթե դրանք հակադեպրեսանտներ են, նեյրոլեպտիկներ. հորմոններ պարունակող կամ ոչ ճիշտ ընտրված հակաբեղմնավորիչներ:
Սակայն խոսքը ոչ բոլոր դեպքերի մասին է, քանի որ կոնկրետ մեր երկրում ազգային մտածելակերպի որոշ առանձնահատկությունների «շնորհիվ» առավել հաճախ հանդիպում են կենսաբանական վիճակի հետ բնավ կապ չունեցող դեպքեր: Մեր հասարակության մեջ «ընտանիք» հասկացության տակ ընկալվում Է առաջին հերթին ընտանիքի ձևական կաղապարը՝ հայր, մայր, երեխաներ, բայց անտեսվում է կամ ընդհանրապես չի բարձրացվում այն հարցը, թե որքանով է այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամ գոհ իր հուզական վիճակից և սեռական կյանքից: Սեքսի նկատմամբ հետաքրքրության առաջացման կամ բացակայության վրա ազդում են նաև մի շարք հոգեբանական և հուզական գործոններ: Ոմանց համար դա կարող Է քաղքենիություն, ոմանց համար Էլ լրիվ նորմալ թվալ, սակայն սոցիալական ամենատարբեր խնդիրներն ու բնակարանային պայմանները կարող են խիստ բացասաբար ազդել կնոջ սեռական ցանկության վրա: Ընտանիքի սուղ ֆինանսական վիճակը, մշտական լարվածությունը կամ մեկ հարկի տակ մի քանի ընտանիքով ապրելը վերջիվերջո տալիս են իրենց անցանկալի պտուղները. երբ կինը շարունակ մտածում Է, որ հարևան սենյակից ամուսիններից որևէ մեկի ծնողները կարող են ձայներ լսել կամ էլ մահճակալի ճռճռոցը լսելի կլինի անգամ ներքևում ապրող հարևանների ննջասենյակում, բնականաբար դժվար հաճախակի սիրով զբաղվելու ցանկություն ունենա: Հատկապես մեծ դեր ունի 4-6 տարեկան երեխաների՝ ծնողների հետ նույն ննջարանում քնելը: Այս իրավիճակում մշտական լարվածությունը և այն միտքը, որ երեխան ցանկացած պահի կարող է «բռնացնել» ծնողներին. անխուսափելի են:

Կանայք հաճախ սեքսից հրաժարվում են այն պարզ պատճառով, որ «կրքի հրավառությունից» հետո էլ իրենց բավարարված և լիարժեք չեն զգում: Որոշ հետազոտությունների համաձայն՝ աշխարհի կանանց միայն 30-40%-ն է օրգազմ զգում, իսկ մյուսները կամ հազվադեպ են զգում, կամ չեն էլ գուշակում, թե ինչի մասին է խոսքը: Եթե օրգազմ չի զգում նորապսակ կինը, դա առաջին մի քանի ամիսների համար հասկանալի է. տղամարդու և կնոջ մարմինները դեռ պետք է ընտելանան միմյանց, բայց երբ շարունակական անբավարարվածությունը սկսում է կնոջ նյարդայնության և անլիարժեքության պատճառ դառնալ,  վիճակը նորմալ չես համարի: Սեռական ցանկություն ունեցող կինը, որն այդպես էլ հեշտանքի չի հասնում, հարաբերության մտքից անգամ սկսում է նյարդայնանալ, օրգանիզմը սկսում է անկանոն աշխատել և ավելի ուշացնել ցանկալի պահը՝ դրանով իսկ զզվանք հարուցելով սեքսի նկատմամբ:

Հարկ է նշել, որ նման դեպքերում ամուսնու դերակատարությունն ամենևին էլ պասիվ չպետք է լինի: Տղամարդը շատ շուտ և շատ արագ է հասնում «գագաթնակետին», մինչդեռ կնոջն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ և հնարավորինս շատ քնքշանք: Լավ կլիներ, եթե ամուսինները չմոռանային, որ վաղուց հնացած՝ «կնոջը պետք է սիրել միայն գիշերը» արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէ: Չէ՞ որ կինը միշտ է ցանկանում վստահ լինել և զգալ, որ սիրված է, իսկ քնքուշ խոսքերն ու նուրբ ձեռքերը կնոջ սիրտը տանող ամենավստահելի միջոցներն են:
Ի դեպ, ամերիկյան գիտնականները պարզել են, որ սեռական կյանքից ավելի բուռն ու ավելի հաճախ հաճույք են ստանում այն կանայք, ովքեր զբաղվում են մտավոր աշխատանքով կամ շարունակ ստեղծագործական փնտրտուքների մեջ են: Ասվածից չի բխում, որ տնային տնտեսուհիներն անկողնում ավելի պասիվ են, պարզապես տնային տնտեսուհին պետք է սովորի անգամ ճաշ պատրաստելու գործընթացին ստեղծագործաբար մոտենալ:

Երբեմն կնոջը պարզապես անհրաժեշտ է լինում ինչ-որ փոփոխություն: Հատկապես սեռական կյանքում միօրինակությունը կարող է հանգեցնել ցանկության պակասի:

Եթե երկուսից ոչ ոք ոչինչ չի անում իրենց սեռական կյանքում գոնե փոքր փոփոխություն մտցնելու համար, սեքսը դառնում ամենօրյա պարտականության պես մի բան, իսկ պարտականությունից այնքան էլ հեշտ չէ բավականություն ստանալ:

Որոշ դեպքերում էլ կնոջ նյարդերի վրա սկսում են ազդել անգամ ամուսնու սովորությունները, այնպիսիք, որոնց առաջ ուշադրություն չէր դարձնում, ասենք՝ նա հեռուստացույց է դիտում սեքսից հետո, երբեմն մոռանում է անկողին մտնելուց առաջ ցայվել և արդյունքում հաճելի չի «բուրում», նրա վրայից շարունակ ալկոհոլի հոտ է գալիս կամ սկսում է ծխել անկողնում:     Իմիջիայլոց, կնոջ հոտառական զգայարաններն ինտիմ հարցերում առավել զգայուն են, քան տղամարդունը:
Ֆրանսիական առածը, թե կանայք սիրում են քթով, իսկ տղամարդիկ՝ աչքերով, լիովին ճիշտ է կանանց մեծ մասի դեպքում: Հետևաբար, տհաճ որևէ հոտ կամ ոչ ճիշտ ընտրված օծանելիքը կարող է բացասաբար ազդել կնոջ սեքսուալ ցանկություների վրա:
Հակաբեղմնավորիչներ ընդունող կանայք պետք է ուշադիր լինեն, թե արդյոք առաջին մի քանի հաբերի ընդունումից հետո տեղի չի՞ ունեցել ցանկության անկում կամ ավելացում: Սակայն երբեմն անգամ հաբերն ուրիշով փոխարինելուց հետո էլ գրանցվում է հակառակ արդյունքը. կինը, որը սուր ապրումներ է ունենում էքստրեմալ պայմաններում, հակաբեղմնավորիչներ օգտագործելուց հետո զգում է, որ սեռական ցանկությունը պակասել է: Եթե չկա հղիանալու ռիսկ, չկա նաև հաճույք:

 
Սեռական կյանք. Ցանկության անկում կնոջ մոտ

Ինտիմ հարաբերությունների ընթացքում դրական ապրումների համար «պատասխանատու» հորմոնը տեստոստերոնն է, որն արտադրվում է և՛ կնոջ, և՛ տղամարդու օրգանիզմում: Այս հորմոնի մակարդակի իջեցումը հանգեցնում է սեռական ցանկության նվազման: Նման փոփոխություն կնոջ օրգանիզմում տեղի է ունենում հղիության ընթացքում և կրծքով կերակրելու ժամանակ, ու դա նորմալ է: Սկսած հղիության 4-րդ ամսից՝ կնոջ օրգանիզմում ավելանում է պրոգեստերոնի քանակը, որը կնոջը տրամադրում է առավել հանգիստ վիճակի, իսկ սեռական ցանկության ողջ էներգիան սկսում է ուղղորդվել դեպի պտուղը, այսպիսով օրգանիզմն ինքն իրեն տրամադրում է հանգիստ տանելու հղիության և լակտացիայի (կրծքով կերակրման) ողջ ընթացքը, և բնավ կարիք չկա նեղվելու, ժամանակի հետ սեռական ցանկությունը կվերականգնվի:

Մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել սեքսի և սեռական բավարարվածության մասին, և դա ավելի քան արմատացած է հատկապես կանանց ենթագիտակցության մեջ: Դեռևս պատանեկան տարիքից հայ աղջիկը սարսափում է սեռական հարաբերությունից կամ այնքան ոչ հավաստի ու թյուր տեղեկություն է ունենում սեքսի մասին, որ ամուսնությունից հետո էլ չի կարողանում լիարժեք ապրել սեռական կյանքով: Ինչպես նշում է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի հոգեվերլուծաբան Մարգարիտա Սաղաթելյանը՝ անգամ մասնագետների համար է դժվար լինում կնոջը հանգեցնել այն փաստի ընդունմանը, որ ինքը սեփական բարդույթների ու ամոթի զոհն է: Կինը պարզապես ամաչում է ամուսնու հետ խոսել անկողնում իր ցանկությունների և նախասիրությունների մասին, իսկ երբեմն նույնիսկ փոքր-ինչ ակտիվ պահել իրեն, որովհետև մտածում է, որ ամուսինը կսկսի հարցեր տալ ու կասկածել, որ կինը նախկինում սեռական փորձ է ունեցել: Արդյունքում, երբ ամուսինը սկսում է «ձախ» գնալ, կինը չի կարողանում հասկանալ, թե ինչու է ինքն այդքան անլիարժեք զգում իրեն և ինչն է իրեն պակասում:
Չափազանց խիստ, զուսպ դաստիարակության և իրենց վախերի պատճառով կանայք երբեմն էլ ամաչում են ասել, որ «ուզում» են, սկսում են գիտակցաբար զսպել իրենց սեռական ցանկություններն ու էրոտիկ մտահղացումները, աստիճանաբար սկսում են խուսափել սեռական կյանքից և արդյունքում սկսում մշտապես տառապել անտանելի գլխացավից, որը ոչ մի դեղահաբ չի կարողանում դադարեցնել, մշտական լարված և կոնֆլիկտային իրավիճակներից, նրանց սկսում Է թվալ, թե շրջապատն իրենց անձին լուրջ ու հարգալից չի վերաբերվում, դառնում են անտարբեր ընտանիքի և իրենց նկատմամբ, անընդհատ հոգնածության զգացողություն և վախեր են զգում, բողոքում են անքնությունից: Քանի որ սեռական ցանկության էներգիան չափազանց հզոր Է, այն սխալ ուղղորդելով՝ կինը կարող Է կանգնել միայն սեփական առողջությունը վնասելու վտանգի առաջ:

Սեռական ցանկության նվազման ևս մեկ լուրջ պատճառ է դառնում կնոջ կյանքի ամենակարևոր փուլերից մեկը՝ դաշտանադադարը: Կլիմաքսի շրջանում նույնպես կնոջ օրգանիզմում լուրջ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես՝ սկսում Է պակասել էստրոգենի քանակն օրգանիզմում, և սեռական ցանկության որոշակի նվազման միտումը լիովին նորմալ է, սակայն կլիմաքսի տարիքում գտնվելը դեռ չի նշանակում, որ սեռական կյանքն արդեն ավարտված է: Մինչդեռ դաշտանադադարը միայն վերականգնողական՝ մանկածնության ֆունկցիայի ավարտն է, ոչ թե սեռական կյանքի: Ֆրանսիացիները նույնիսկ ասում են, որ դաշտանադադարից հետո կինը կամ ծերանում է, կամ ապրում իր երկրորդ՝ ավելի բուռն ու գունագեղ երիտասարդությունը, իսկ թե դրանցից որն է նախընտրելի, թող որոշեն մեր կանայք:
Բժիշկները երբեմն կատակում են, որ մարդու գլխավոր էրոգեն գոտին ուղեղն է: Քանի որ հորմոնների աճն ու աշխատանքը ղեկավարվում է ուղեղի և նյարդային համակարգի կողմից, սեքսուալ ցանկությունների վրա մեծապես կսսրող են ազդել ամենատարբեր սթրեսներն ու նյարդային ցնցումները: ճիշտ է, մեր կյանքում դրանք անպակաս են, բայց պետք չէ մոռանալ, որ սեքսի օգնությամբ էլ կարելի է ազատվել դրանց զգալի մասից:
Որպես սկիզբ՝ պետք չէ սեքսը դիտարկել որպես պարտականություն, այլ հաճելի զգացողությունների ու նորանոր վառ ապրումների անսպառ աղբյուր: Հարկավոր է հնարավորինս ազատ և անկեղծ լինել զուգընկերոջ հետ, չէ՞ որ ինտիմ հարաբերությունները հենց երկուսի միջև, են, և նրանք պետք է երկուսով կարողանան լուծումներ փնտրել ու գտնել:

Ստորև ներկայացնում ենք սեքսի առողջարարության մի քանի հավաստումներ.

Կանոնավոր սեքսով զբաղվող մարդկանց օրգանիզմում հորմոնների քանակը հավասարակշռված է լինում, և նրանք ավելի քիչ են հակված ընկճվածության ու սթրեսների:
Սեքսուալ ակտիվությունը բարձրացնում է մտածողության ճկունությունը, խթանում կյանքի հանգամանքներին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու կարողությունը:
Սեռական մտերմության ընթացքում հորմոնները շարժման մեջ են ընկնում, ինչը դրական ներգործություն է թողնում մազերի, եղունգների և մաշկի վրա: Բացի այդ, ինտիմ մտեիմության ընթացքում կինն ու տղամարդը փոխանակվում են մի շարք հորմոններով և սպիտակուցներով, որոնք պակասում են մյուս զուգընկերոջ մոտ, այսինքն՝ ստացվում է, որ «փոխշահավետ համագործակցության» արդյունքում յուրաքանչյուրը երիտասարդանում է: Մասնագետների հավաստմամբ՝ սեռական կյանքով ապրող կինն իր տարիքից 5-15 տարով երիտասարդ է երևում և ավելի քիչ կնճիռներ է ունենում:
Կանոնավոր սեքսն ամրապնդում է սրտամկանը և դրանով իսկ պաշտպանում ինֆարկտից: Սեքսի ընթացքում պարբերաբար նեղանալու և լայնանալու շնորհիվ մարզվում են նաև արյունատար անոթները, այսինքն՝ սեքսն ունակ է նպաստել նաև արյան շրջանառության ակտիվությանն ու կարգավորմանը: Սիրեք և սիրված եղեք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/cankutyanankum2.jpg
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (21.09.14) | Հեղինակ: Նոնա Դավթյան W
Դիտումներ: 9642 | Տեգեր: սեռական կյանք, հաճախ տրվող հարցեր սեքսի մասին, միայն կանանց համար | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика