menu
person

Զուգագուլպաները որպես երկրորդ մաշկ

 


 

   

Զուգագուլպաները կանացի արդուզարդի կարևոր մասն են կազմում։ Լինելով սարդոստայնի նման խիտ կամ նոսր, նկարներով կամ առանց նկարների`  նրանք կանանց ոտքերը դարձնում են ավելի բարեկազմ և թաքցնում մանր թերությունները։ Զուգագուլպաների ճիշտ ընտրությամբ է պայմանավորված վերջիններիս «երկարակեցությունը» և ամենակարևորը`  հարմարավետությունը։
 
 
Մի քանի դրվագ զուգագուլպաների պատմությունից
 
Մետաքսե գուլպաները հայտնվել են միջին դարերում։  Բարձր գնի պատճառով գուլպաները հասու էին միայն հարուստ կանանց և տղամարդկանց։
XX դարի 20-ականներին արդյունաբերության մեջ մշակվեց և երևան եկավ վիսկոզան (արհեստական մետաքս), որը գուլպաների արտադրության համար մեծ խթան հանդիսացավ։  Իսկ 1938թ. «Dupon» ընկերության մասնագետները ստեղծեցին «հեղափոխական» կտորը`  նեյլոնը։ 1940թ. մայիսի 15-ին նեյլոնե գուլպաները, որոնք իրենց բարակությամբ չէին զիջում մետաքսե գուլպաներին, բայց արժեին տասնյակ անգամ ավելի էժան, հայտնվեցին ամերիկյան խանութների վաճառասեղաններին։  Առաջին իսկ օրը վաճառվեց 780 հազար զույգ,  որի արդյունքում «Dupon» ընկերության կողմից նեյլոնի մշակման համար ներդրված բոլոր ծախսերն ամբողջությամբ փոխհատուցվեցին։  Սակայն ընկերության աշխատակիցները բնավ չէին պատրաստվում սահմանափակվել այս ձեռքբերումով,  և նրանք երջանկացրին մարդկությանը` 1958թ. սպառողների «դատին հանձնելով»  լայկրան։  Հենց այդ ժամանակ էր, որ մի հասարակ դերձակ,  միմյանց կարելով երկու գուլպա, աշխարհին նվիրեց զուգագուլպաները։ Սկզբում զուգագուլպաները հայտնվեցին Ամերիկայում և ունեցան ֆանտաստիկ հաջողություն. առաջին իսկ տարվա ընթացքում վաճառվեց 64 մլն զույգ։ Այսօր աշխարհում վաճառվում են 3-5 մլրդ գուլպաների զանազան տեսակներ։
 
Ամրության ստուգում
 
Զուգագուլպաների հիմնական թերությունը նրանց «կարճակյացությունն» է։  Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է արտադրանքի ամրությունից։  Զուգագուլպաները կարում են պոլիամիդե թելից,  որին ավելացնում են ակրիլ, բուրդ կամ բամբակ։ Պոլիամիդե թելի չափը (հաստությունը) նշվում է փաթեթավորման վրա, և այն արտահայտվում է DEN միավորներով (8-450)։  Որքան հաստ է թելը, այնքան ամուր և երկարակյաց են զուգագուլպաները։ Մինչև 20 DEN ունեցող զուգագուլպաները համարվում են շատ բարակ. նրանց պատռվելն իրենից որևէ դժվարություն չի ներկայացնում։  Այդ պատճառով նման զուգագուլպաներն ընտրում են հատուկ դեպքերի համար,  իսկ ամենօրյա օգտագործման համար նախընտրելի են ավելի ամուր տեսակները։
Լայկրան (էլաստան) զուգագուլպաները դարձնում է առաձգական և օգտագործման ժամանակ վերջիններս պաշտպանում է չափից դուրս երկարելուց և դեֆորմացվելուց։  Լայկրայի թելը մեկ կամ երկու շերտով փաթաթվում է պոլիամիդե թելին։  Զուգագուլպաների առաձգականությունը կախված է նրանցում լայկրայի պարունակությունից. որքան շատ է լայկրան, այնքան ավելի ամուր են զուգագուլպաները գրկում ոտքը։ 
 
Սովորաբար զուգագուլպայի մեջ լայկրայի պարունակությունը կազմում է 3-20%։  Խորհուրդ չի տրվում գնել 10%-ից ցածր լայկրա պարունակող զուգագուլպաներ։  Դա նշանակում է, որ լայկրան միայն զուգագուլպաների գոտկատեղի մասում է։  25% և ավելի լայկրա պարունակում են բուժական զուգագուլպաները։
 
Նեյլոնի ամենաժամանակակից տեսակը միկրոֆիբրն է։  Թելը բաղկացած է բազմաթիվ գերբարակ թելերից. որքան շատ են այդ թելերը գործվածքի մեջ,  այնքան շոշափելիս կտորը փափուկ և մետաքսանման է։ Օդը պահվում է միկրոծակոտիների մեջ,  ինչի պատճառով նման զուգագուլպաները հասարակների հետ համեմատ ավելի տաք են և ամուր։
 
Եթե դուք գնել եք զուգագուլպաներ, որոնց վրա գրված է «Tactel», իմացե'ք, որ դրանք գործված են բարձր որակի պոլիամիդե թելով։ Եթե փաթեթավորման վրա նշված է «Doppio coperto»`  նշանակում է,  որ զուգագուլպաները կրկնակի պատված են լայկրայով, «Transparente»`  թափանցիկ են, «Setificato»` մետաքսանման են։
Մոդելավորող զուգագուլպաները (փաթեթավորման վրա անվանման հետ կան «up» կամ «support» բառերը) թաքցնում են մարմնի աննշան թերությունները, ազդրերի և իրանի ծավալը աչքի համար դարձնում ավելի «տանելի»։  Խորհուրդ չի տրվում «լավ ձգվելու նպատակով»  գնել ավելի փոքր չափսի զուգագուլպա։  Որպես կանոն,  այդ կարգի զուգագուլպաներն ավելի արագ են պատռվում և տձևանում։
 
Գոյություն ունեն նաև մերսման համար նախատեսված զուգագուլպաներ։ Հանգույցների յուրահատուկ գործվածքի շնորհիվ այդպիսի զուգագուլպաներ կրելու ժամանակ լավանում է արյան շրջանառությունը։ Գոյություն ունեն նաև բուժական զուգագուլպաներ, որոնք կարող եք կրել միմիայն բժշկի խորհրդով։ Այդ զուգագուլպաներում լայկրայի պարունակությունը 25-30% է։ Մի՛ խաբվեք լայկրայի 40%-ից ավելի մեծ պարունակությամբ զուգագուլպաներ տեսնելիս, քանզի նման զուգագուլպաներ չեն արտադրվում։
 
Որոնք են բուժական զուգագուլպաները
 
Բուժական զուգագուլպաներ խորհուրդ է տրվում կրել այն կանանց, որոնք տառապում են անոթների վարիկոզ լայնացումով և քրոնիկ անոթային անբավարարությամբ։  Ի տարբերություն հասարակ զուգագուլպաների` բուժական զուգագուլպաները ցուցաբերում են աստիճանավորված ճնշում։ Մաքսիմալ սեղմումը հասնում է կոճերին և աստիճանաբար իջնում ազդրերին, ինչը էապես լավացնում է արյունաբեր երակի արտահոսքը և թեթևացնում սրտի աշխատանքը։  Արյունը չի «լճանում» ստորին վերջույթների անոթներում, և ոտքերը չեն այտուցվում։
Բուժական զուգագուլպաների փաթեթավորման վրա պարտադիր պետք է նշված լինի սեղման աստիճանը` արտահայտված  «մմ սնդ. սյուն» միավորով։
 
1. Մինչև 17 մմ սնդ. սյուն (40 DEN). այսպիսի զուգագուլպաները այն կանանց համար են, ովքեր անոթների վարիկոզ հիվանդությունների հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեն, ինչպես նաև այն կանանց համար, ովքեր կանգնած (վաճառողուհիներ, վարսահարդարներ, վիրաբույժներ և այլն) կամ նստած են աշխատում։
2. 17-20 մմ սնդ. սյուն (70 DEN). նախատեսված են անոթների վարիկոզ լայնացմամբ տառապող, նախավիրահատական պատրաստություն անցնող, ինչպես նաև հղի կանանց համար` ստորին վերջույթների այտուցների ժամանակ։
3. 20-ից ավելի մմ սնդ. սյուն (140 DEN). խուրհուրդ է տրվում երակների խորը թրոմբոզով տառապող կանանց։
 
Խոցելի տեղերը
 
Վիճակագրության տվյալներով, եթե զուգագուլպաները պատռվում են օգտագործման առաջին իսկ օրը, ապա դրանցից 30%-ի դեպքում հանգույցները իջնում են մի թելով կարված կրունկի վրա։ Նույնը վերաբերում է զուգագուլպաների միատակ ծայրային մասին։  Այդ պատճառով գնելուց հատուկ ուշադրություն դարձրե՛ք, որպեսզի զուգագուլպայի և՛ կրունկը, և՛ ծայրային մասը լինեն ամուր։ Եվս մեկ խոցելի տեղ է համարվում գոտկատեղը։  Ֆիրմային տեսակների մոտ հետևի մասում` ռեզինի տակ, կա T-աձև կոշտ մաս, որը ոչ միայն կանխում է զուգագուլպան իրանին ձգելու ժամանակ անցքերի առաջացումը, այլև «ձգում է» ազդրերի վերևի մասը։ Բացի այդ, որակյալ գոտին չպետք է փաթաթվի։ Սովորաբար նրա բարձրությունը 3-4 սմ է, իսկ լայնությամբ ձգվում է ոչ պակաս քան 80 սմ։ Թանկարժեք տեսակներում գոտին իրենից ներկայացնում է ոչ թե տրիկոտաժային, այլ էլաստիկ ժապավեն։
Անգամ էժան զուգագուլպաների համար «ձագը» պարտադիր մասնիկ է։ Այն ունի բարակ բամբակյա աստառ, որը ոչ միայն բարձրացնում է զուգագուլպաների հարմարավետությունն ու մաքրությունը, այլև ապահովում է նրանց «երկարակեցությունը»։
 
ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
1. Կեղծված զուգագուլպաների փաթեթավորման վրա նշված ամրությունը 30 կամ 40 DEN է, մինչդեռ փաթեթավորման ներսում դրվածներինը նույնիսկ 15 DEN-ի չի հասնում։ 30-40 DEN լայկրայի խտությամբ ֆիրմային զուգագուլպաներն արժեն 2 պայմանական միավորից ոչ պակաս։ Ավելի ամուր զուգագուլպաները    (կիսավարտիքով կամ վարտիքով) անհամեմատ ավելի թանկ արժեն։
2. Հայտնի ընկերության արտադրական նշանով փաթեթի մեջ դրվում է տեղական «հմտավորների» արտադրանքը և վաճառվում ֆենոմենալ ցածր գնով։
3. Փաթեթավորման վրա գրվածի համաձայն` արտադրանքն օժտված է պաշտպանող հատկությամբ և նրանում կա 5% լայկրա։ Իրականում դա նշանակում է, որ լայկրան միայն զուգագուլպաների գոտկատեղի մասում է։ Իսկ հասարակ պոլիամիդը պաշտպանիչ հատկություն չունի։
4. Ֆիրմային փաթեթի վրա չափսը նշված է երկու անգամ` պիտակի և անմիջականորեն ցելոֆանե փաթեթի վրա։
 
ՄԱՆՐՈՒՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ
 
  1. Միկրոֆիբրայով զուգագուլպաները թավշանման են և, որպես կանոն, ավելի թանկ արժեն։
  2. Խորհուրդ է տրվում զուգագուլպաները լվանալ ձեռքով։ Մեքենայով լվացքի սիրահարներին խորհուրդ է տրվում ձեռք բերել հատուկ ցանցային կտորից պարկեր։
  3. Լայկրայի մյուս անվանումներն են` «Դորլաստան», «էլաստան», «Սպանդեկս»։
  4. «Բիզնես-կանանց» համար, ովքեր գործի բերմամբ նույնիսկ տաք եղանակին են ստիպված զուգագուլպաներ կրել, գոյություն ունեն սուպերբարակ մոդելներ` «սարդոստայններ» (6-10 DEN)։
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol11/58672-1-.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (06.11.13) W
Դիտումներ: 3872 | Տեգեր: Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика