menu
person

Շագանակագեղձի բորբոքումն ավելի բնորոշ է երիտասարդ տարիքի` 20-40 տարեկան տղամարդկանց

 


 

   

Ուրոլոգիական հիվանդությունները ներկայում շատ տարածված են և կարող են մեծ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Հաճախ հիվանդության անտեսումը, ինքնաբուժությունը, կամ ոչ պատշաճ իրականացվող բուժումը հանգեցնում են հիվանդության սրման, ինչը հղի է բավական տհաճ հետևանքներով: Հատկապես շատ են տարածված այս խնդիրները միջին և միջինից բարձր տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կարող են հանդիպել նաև երիտասարդների մոտ՝ զգալիորեն վատացնելով հիվանդի կյանքի որակը:

Ընթերցողին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխանները գտնելու համար med.tert.am-ը զրուցեց «Ուրոլոգիական կենտրոնի» բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում շագանակագեղձի բորբոքումն ու շագանակագեղձի ադենոման, ինչպես են դրանք դրսևորվում և ինչ բուժում են ենթադրում:
 

- Ընթերցողին հետաքրքրում է, թե ինչ է առհասարակ շագանակագեղձի բորբոքումը, ինչ է ադենոման և ինչպես են դրսևորվում այդ հիվանդությունները։

- Շագանակագեղձի բորբոքումն ավելի բնորոշ է երիտասարդ տարիքի, այսինքն՝ մոտավորապես 20-40 տարեկան տղամարդկանց: Պատճառները բազմաթիվ են՝ սեռավարակները, սեռական կյանքի հիգիենան, նստակյաց կյանքը, գիրությունը և շատ այլ պատճառներ: Հիմնականում դրսևորվում է միզարձակման խանգարումներով, կոնքի շրջանի, աճուկային հատվածի, ամորձիների ցավերով, հաճախամիզությամբ, տհաճ զգացողություններով, սեռական կյանքի խանգարումներով, վաղաժամ սերմնաժայթքմամբ, իսկ որոշակի փուլերում՝ նույնիսկ սեռական թուլությամբ: Սա, իհարկե, վտանգավոր հիվանդություն չէ, պարզապես ազդում է կյանքի որակի վրա, այսինքն՝ ցանկալի է բուժել, որպեսզի մարդը նորմալ կյանք ունենա, չտուժի նրա սեռական կյանքն ու պտղաբերությունը, քանի որ 20-40 տարեկանը կարևոր տարիք է, իսկ այս բորբոքումներն ու խնդիրները կարող են հանգեցնել նաև պտղաբերության խնդիրների: Շատ կարևոր է նաև նշել, որ շագանակագեղձի բորբոքման բուժմամբ ու ախտորոշմամբ զբաղվում է համապատասխան մասնագետը՝ ուրոլոգը:


Իսկ շագանակագեղձի ադենոման բնորոշ է միջին տարիքի՝ 50-ից բարձր մարդկանց: Ադենոմայի դեպքում գեղձի մեջ գոյանում են ադենոմատոզ հանգույցներ, որոնք հիմնականում խանգարում են միզարձակությանը, այսինքն՝ առաջացնում են դժվարամիզություն կամ հաճախամիզություն: Այս հիվանդությանը բնորոշ է նաև գիշերային հաճախամիզությունը, երբ տղամարդը միզում է գիշերը մի քանի անգամ: Կարող է նաև լինել արյունամիզություն, դիսկոմֆորտ, միզապարկի ոչ լիարժեք դատարկման զգացողություն, բորբոքումներ և այլն: Միզարձակման այսպիսի խանգարումներն ազդում են կյանքի որակի, ինչպես նաև տղամարդու տրամադրության և աշխատունակության վրա։

Շագանակագեղձի ադենոմայի մեծացումը կարող է բերել խցանման, իսկ ամբողջական խցանումն էլ՝ միզակապության, ինչի դեպքում արդեն տեղադրվում է կատետր, որով էլ մեզը բաց է թողնվում: Կախված ախտանշանների սրությունից՝ հիվանդին նշանակվում է դեղորայքային բուժում կամ վիրահատություն: Դեղորայքային բուժումը սովորաբար կիրառվում է թույլ արտահայտված դեպքերի ժամանակ, իսկ վիրահատականը՝ սուր արտահայտված ախտանշանների դեպքում: Վիրահատության հիմնական եղանակն էնդոսկոպիկ վիրահատությունն է, երբ փակ եղանակով է հեռացվում շագանակագեղձի ադենոման, որից հետո հիվանդի միզարձակությունը վերականգնվում է, իսկ բաց եղանակով վիրահատությունը կիրառվում է ավելի հազվադեպ` շատ մեծ գերաճի ժամանակ: Իհարկե, ադենոմայով հիվանդներին պետք է ճիշտ ժամանակին վիրահատել՝ լիակատար առողջացման համար:

 


Հաջորդը շագանակագեղձի քաղցկեղն է, որի դեպքում պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել, որովհետև քաղցկեղի վաղ ախտորոշումը կարող է բերել հիվանդի լիակատար առողջացման: Շագանակագեղձի քաղցկեղը պատկանում է այն քաղցկեղների շարքին, որոնք շատ դանդաղ աճ ունեն, և ժամանակին ախտորոշելը թույլ է տալիս երկարեցնել կյանքի տևողությունը: Ախտորոշման համար հարկավոր է, որ 45 տարեկանից բարձր տղամարդիկ դիմեն ուրոլոգին, և հատկապես պետք է ուշադիր լինեն այն տղամարդիկ, որոնց հայրը, եղբայրը, հորեղբայրը կամ պապիկն ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ: Այսինքն՝ ժառանգական գործոնը նույնպես դեր է խաղում: Ախտորոշումն իրենից դժվարություն չի ներկայացնում, ընդամենը մի քանի հետազոտություն է արվում, որից հետո նշանակվում է համապատասխան բուժումը՝ կախված ուռուցքի տարածվածությունից, տարիքից, ուռուցքի տեսակից։ Կարող է առաջարկվել վիրահատություն՝ շագանակագեղձի հեռացում, կամ բուժման այլ տարբերակներ՝ իմունոթերապիա, հորմոնաթերապիա, ռադիոթերապիա և այլն:

- Ձեր նշած ախտանշանների մեջ կային բավական նմանություններ, այսինքն՝ շագանակագեղձի բորբոքման ախտանշանները բավական նման էին շագանակագեղձի ադենոմայի ախտանշաններին: Իսկ կա՞ն ախտանշաններ, որոնք բնորոշ են միայն ադենոմային կամ միայն շագանակագեղձի բորբոքմանը:

- Մեծ մասամբ այդ ախտանշանները նման են։ Դրա համար կարևոր է ուրոլոգի կոնսուլտացիան՝ համապատասխան ախտանիշները վերլուծելու, հիվանդին հետազոտելու և ախտորոշումը հաստատելու համար։ Հատկապես կարևոր նշանակություն ունի շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը ։ Իսկ պրոստատիտի ճիշտ բուժումն ապահովում է տղամարդու առողջ ապրելակերպը, սեռական կյանքն ու պտղաբերությունը։

 

- Իսկ ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ ինքնաբուժության դեպքում:

- Ինքնաբուժությունը, սխալ լինելուց բացի, նաև վտանգավոր զբաղմունք է, քանի որ, ինչպես նշեցինք, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում կարող է բաց թողնվել այն: Առհասարակ, բացի ինքնաբուժությունից, շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերով պետք է զբաղվի նաև համապատասխան մասնագետը, այսինքն՝ ուրոլոգը:


Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (29.07.17)
Դիտումներ: 1434 | Տեգեր: տարեկան, երիտասարդ, բորբոքումն, տարիքի, 20-40, տղամարդկանց, ավելի, բնորոշ, շագանակագեղձի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика