RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Երկուսով (կին-տղամարդ շփում)

Կարդա նրա մտքերը. դա այդքան էլ բարդ չէ

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

Երբեմն թվում է, թե սիրելիիդ հասկանալու համար քեզ կփրկի միայն տելեպատիայի վառ արտահայտված ունակությունը. միևնույն ինֆորմացիան ձեր «կաթսաներում» վեր է ածվում տարբեր կերակուրների` երբեմն միանգամայն հակադիր համերով: 

Թե ինչու է դա այդպես, կարող են բացատրել միայն գիտնականները:

Պատրաստեց Նադեժդա Ռեմմին

Փոխըմբռնումը սիրահարների միջև պարբերաբար փոխվում է: Այն, ինչը քո ընկալմամբ էպիկական դրամա է, նրան անհեթեթություն է թվում, որն արժանի չէ ոչ հրճվանքի, ոչ էլ ափսոսանքի: Եվ բանն ամենևին էլ նրանում չէ, որ նա երկաթից է, իսկ դու ապակու պես փխրուն սիրտ ունես: Պատճառը կնոջ և տղամարդու ուղեղի կառուցվածքային տարբերությունն է: Նշենք` խոսքը ոչ թե դաստիարակության կամ հոգեբանական առանձնահատկությունների, այլ զուտ ֆիզիոլոգիական տարբերությունների մասին է: Հիմա հասկացա՞ր, թե որքան լուրջ է այս ամենը:

Ձեր կոնֆլիկտները պարզաբանելու հարցում կօգնեն մարդու ուղեղի հետազոտությամբ զբաղվող գիտնականների ուշագրավ բացահայտումները: Դրանցով առաջնորդվելու պարագայում անգամ թեժացող վեճը կարելի է վերածել հերթական քայլի` հարաբերություններն ավելի մտերիմ դարձնելու համար:

Իրավիճակ N1: Ես գիտեի, որ նա կարևոր հանդիպում ունի, ամբողջ օրը տեղս չէի գտնում: Սակայն ընթրիքի ժամանակ իմ տված «գործերդ ինչպես են» հարցին նա հակիրճ պատասխանեց. «լավ»: Եվ վերջ:

Քո գլխում: Եթե անգամ օրդ անցել է այնպես, որ եթե լինեիր ռեալիթի-շոուի մասնակից` այն զրոյական ռեյտինգ կունենար, հոգ չէ. պատմելու բան միշտ էլ կգտնվի: «Զգացմունքներն արտահայտելու համար կնոջ ուղեղը տրամադրում է ութգծանի մայրուղի, մինչդեռ տղամարդիկ բավարարվում են մի փոքրիկ տարածքով»,- գտնում է ամերիկացի հայտնի հոգեբույժ Լուան Բրիզենդայնը:

Նրա գլխում: Եթե ամեն ինչ հանգիստ է, քո լռակյաց սիրելին առավել ևս պերճախոսելու պատճառ չի տեսնում: Ամեն ինչ կարգին է` մի՞թե սա խոսելու առիթ է: Տղամարդկանց մոտ մասնավորապես խոսքի համար պատասխանատու գլխուղեղի կեղևի planumtemporale կոչվող հատվածում ավելի քիչ նեյրոններ կան, քան կանանց մոտ: Այսինքն, այդ հատվածն ավելի բարակ է բջջային մակարդակի վրա: Այդ պատճառով տղամարդն իր հեղինակավոր խոսքն ասում է միայն այն դեպքում, երբ նյութն իր համար կարևոր է: Հուզական մենախոսությունները նրա ուժեղ կողմը չէն:

Նախքան ծնվելը դուք արդեն տարբեր կերպ եք զարգացել. մինչ կանացի հորմոններն աշխատել են քո խոսքի կենտրոնների ձևավորման վրա, տղամարդու հորմոններն ակտիվ աշխատանք են տարել նրա տարածական մտածողության ստեղծման ուղղությամբ: Ի դեպ, հենց սա է պատճառը, որ քո ընտրյալն ավելի արագ կգտնի բազմոցի տակ պահ մտած լացակումած կատվին. նա ավելի լավ է կողմնորոշվում տեղանքում:

Կոմպրոմիս: Ընդհանուր շահը. ահա թե ինչը կստիպի տղամարդուն խոսել- պնդում են գիտնականները: Կոնկրետ իրերը նրան ավելի են գրավում, քան կեցության որոգայթները:

Իրավիճակ N2: Այնպիսի օր էի ունեցել` թշնամուս էլ չէի ցանկանա. պետս բարկացել էր վրաս, արդյունքում զրկվել էի պարգևատրումից, մի բռի վարորդ կտրել էր ճամփաս: Իսկ նա վիճել էր ընկերոջ հետ և տանը փքվելուց հետո դուրս եկավ «օդափոխվելու»: Այն դեպքոմ, երբ խիստ զգում էի նրա կարիքը:

Քո գլխում: Հոգեկան ապրումների ժամանակ մեզ պարզապես անհրաժեշտ է որևէ մեկի հետ զրուցել, և դա պատահական չէ: Գիտնականների պնդմամբ, կնոջ ուղեղը երկու անգամ ավելի քիչ սերոտոնին է արտադրում, քան տղամարդունը: Մինչդեռ սերոտոնինն օգնում է սթրեսի դեմ պայքարում: Դա է պատճառը, որ մենք ավելի դժվար ենք ուշքի գալիս ցնցումներից: Այնպես որ անկեղծ զրույցն այս դեպքում լավագույն տարբերակն է:

Նրա գլխում: Տղամարդիկ իներտ չեն և իրականում բավական արձագանքող են: Ճիշտ այնքան, որքան դա նրանց թույլ են տալիս ուղեղի` մեկ ուրիշի ցավն ընկալելու համար պատասխանատու հատվածները: Բայց երբ քո սիրելին իրեն ճնշված է զգում, այդ հատվածների ակտիվությունը նվազում է: Կալիֆոռնիացի հոգեբան Մարա Մազերը վստահ է. հենց սա է պատճառը, որ երբեմն մեր հերոսներն իրենց պահում են այնպես, կարծես ընդունակ չեն կարեկցանքի: Սա պատրանք է` սթրեսի վիճակում նրանք պարզապես չեն նկատում շրջապատող մարդկանց էմոցիաները:

Կոմպրոմիս: Այստեղ մտածելու բան գրեթե չկա. երբ ամպեր են կուտակվում, նա պետք է լռի, իսկ դու պետք է խոսես: Ուրեմն թող յուրաքանչյուրը ստանա իր հասանելիքը. մինչ դու մի լավ կբողոքես ընկերուհուդ, նա ուշքի կգա: Միայն դրանից հետո կարող ես նրանից կարեկցանք և ուշադրություն սպասել և արտասվել նրա ամուր ուսին:

Իրավիճակ N3: Ես չէի էլ կասկածում, որ մեր հանդիպումն արմատապես փոխել է թե' իմ, թե' նրա կյանքը: Սակայն ավելի ուշ հասկացա` նա չի էլ հիշում, թե երբ և ինչպես է դա տեղի ունեցել:

Քո գլխում: Վերջապես մենք ընդունեցինք. ինչ-որ բան քո ուղեղում ավելի վատ է զարգացած, քան նրա մոտ: Մասնավորապես նշաձև մարմինը` մի հատված, որ մասնակցում է էմոցիաների ձևավորմանն ու մշակմանը: Մեր ուղեղն ի վիճակի չէ ընդգրկելու իրավիճակի պատկերն ամբողջությամբ, այդ պատճառով էմոցիոնալ հիշողությունը կառչում է մանրուքներից: Բացի այդ, իրավիճակի ընկալման ընթացքում կանանց մոտ ակտիվանում է նշաձև մարմնի ձախ հատվածը, և մենք թե' էմոցիոնալ, թե' տեսողական ճանապարհով ավելի հստակ ֆիքսում ենք մանրուքները: Քո հիշողությունները դրանցից կազմված մի «փազլ» են: Դու հիշում ես սրճարանի բաժակների ձևը, զգեստիդ գույնը, վրայի սուրճի լաքան...

Նրա գլխում: Քո սիրելին գործածում է նշաձև մարմնի աջ հատվածը, ինչի շնորհիվ հիշում է վիզուալ պատկերն ամբողջությամբ: Նա հիշում է ամեն ինչ ամբողջության մեջ: Նշաձև մարմինը խիստ զգայուն է արյան մեջ ադրենալինի հոսք և սրտխփոց առաջացնող ինֆորմացիայի նկատմամբ: Տղամարդկանց մոտ այն ավելի լավ է զարգացած, ուստի նրանք մտապահում են այն պահերը, որ երբևէ հուզել են նրանց: Չկասկածես` նա հոյակապ հիշում է այն րոպեն, երբ դու նրան խելքահան արեցիր:

Կոմպրոմիս: Ցանկանում ես` մտաբերի ամե՞նը. օգնիր նրան այդ հարցում: Շարժվիր ոչ թե մասնավորից ընդհանուրը, այլ տղամարդավարի` ճիշտ հակառակ հաջորդականությամբ: Հրավիրիր նրան նույն սրճարանը, և լղոզված պատկերները նրա հիշողությունում կրկին ձեռք կբերեն հստակ ուրվագծեր:

Իրավիճակ N4: Դեռ շաբաթվա սկզբին որոշել էինք ուրբաթ օրը ճաշել տանը` երկուսով: Հետո զանգահարեց նրա մայրը, առաջարկեց իրեն հյուր գնալ և գիշերել այնտեղ: Նա համաձայնեց: Ես առարկեցի, ու նա հունից դուրս եկավ:

Քո գլխում: Ուղեղում տեղադրված է մի փարոս, որը զգուշացնում է. ինչ-որ բան այնպես չէ, խնդիր կա: Դա կիսագնդերը միացնող նյարդային մանրաթելերի հյուսվածք է, որ կոչվում է կոշտուկային մարմին: Կնոջ ուղեղի կոշտուկային մարմինն աշխատում է շատ ակտիվ: Այդ իսկ պատճառով աղջիկները հազվադեպ են խնդիր տեսնելով հարկ համարում լռել: Ինչպե՞ս թէ, նա դեռ համարձակվում է զարման՞ալ: Դու զայրանում ես, ուղեղը ստանում է սթրեսակորտիզոն կոչվող հորմոնի չափաբաժինը, և վուալա` սկանդալը համարյա պատրաստ է:

Նրա գլխում: Որոշ տղաներ իրոք չեն կարողանում մերժել իրենց մայրերին, բայց տվյալ դեպքում պատճառը դրանում չէ: Տղամարդկանց ուղեղի կոշտուկային մարմինը պակաս ակտիվ է, քան կանանցը: Նա չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է ընդհանրապես պատահել, մինչդեռ դու` գոռում- գոչում ես: Եվ նա կսկսի պաշտպանվել:

Կոմպրոմիս: Հինգ խորը շունչ` և դու արդեն ի վիճակի ես բացատրել նրան, թե ինչն այնպես չէ: Մի մոռացիր. նա զարմացած է հենց այն պատճառով, որ վստահ է, թե ամեն բան կարգին է` դուք միտք էլ չունեիք այդ երեկո որևէ տեղ գնալ:

Իրավիճակ N5: Դեռ մեկ րոպե առաջ մենք քննարկում էինք, թե ինչպես ենք մարելու վարկը, մեկ էլ տեսնում եմ, որ նա արդեն տրամադրվել է սեքսով զբաղվել: Ես Ձնե թագուհին չեմ, բայց և չեմ կարող վայրկենապես այլ բանի տրամադրվել:

Քո գլխում: Կնոջ օրգանիզմը նույնպես չարաճճի մտքեր արթնացնող տեստոստերոն է արտադրում: Սակայն մեր վրա վերջինիս ազդեցությունը տաս անգամ ավելի թոույլ է, քան տղամարդկանց վրա: Եվ նախքան սեքսուալ ցանկության համար պատասխանատու հիպոտալամուսը կարձակի «սեքսին` պատրաստ եմ» հրահանգը, մեզ անհրաժեշտ է զգացական և հարմարավետ մթնոլորտ: Կնոջ համար նախերգանք է հանդիսանում այն ամենը, ինչ տեղի է ունեցել սեքսին նախորդող 24 ժամերի ընթացքում: Տղամարդկանց դեպքում դա ակտիվ գործողություններին նախորդող 3 րոպեներն են:

Նրա գլխում: Հասանք տղամարդու ուղեղի վերաբերյալ ժողովրդական իմաստությանը, համաձայն որի այն գտնվում է ամենևին էլ ոչ գլխում: Լկտի սուտ է: Հենց գլուխն է օգնում տղամարդուն իրեն մարտական վիճակի բերելու կեցության անգամ ամենավհատ պահերին: Ավելի ստույգ` նույն ինքը, հիպոտալամուսը: Վերջինիս քանակը նրա մոտ 2.5 անգամ ավելի շատ է, քան քեզ մոտ, դրանց բջիջների թիվը նույնպես երկու անգամ ավել է: Ո՞նց ես կարծում, ինչի՞ է դա հանգեցնում:

Կոմպրոմիս: Մերսում. այն քեզ կփոխանցի զուգընկերոջդ հուզումը և կօժանդակի կողմնակի մտքերը վանող օքսիտոցինի արտադրությանը: Կամ` պարզապես շարժումը ուժգնացնում է տեստոստերոնի ազդեցությունը:

Հոգեբանի կարծիք: Չափազանց կարևոր է, որ զուգընկերներից յուրաքանչյուրը ճանաչի ինքն իրեն: Մենք ընդունակ չենք կարդալու մեր սիրելիի մտքերը և մինչև վերջ ըմբռնելու նրա զգացմունքները: Փոխարենը մենք հասկանում ենք ինքներս մեզ, կարողանում ենք մեզ լսել և արտահայտել մեր զգացմունքները: Հենց սեփական զգացողություններն ու վարքագծի մոտիվներըը, ինչպես նաև բացատրելու ունակությունն են, որ մեզ հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց: Դա թույլ է տալիս զիջումների գնալ, որտեղ որ հնարավոր է, և հետևաբար, համաձայնության գալ և կոմպրոմիսային լուծումներ գտնել անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ուզում ես տեղեկանալ անցած օրվա մանրամասների՞ն. խոսիր մի բանի մասին, որ հաճելի է երկուսիդ էլ: Հետո խոսքի մեջ հարցրու. «Ի դեպ, ինչպե՞ս ավարտվեց այն չարաբաստիկ խոսակցությունը»:

Նյարդաբանի կարծիք: Տղամարդու և կնոջ օրգանիզմի նեյրոկենսաբանական և հոգեսոցիալական առանձնահատկությունները իրոք տարբեր են: Դա է պատճառը, որ կանայք ավելի են հակված սթրեսի, ավելի են կենտրոնանում բացասական զգացմունքների վրա, որպես աղետ են գնահատում ցանկացած անդուր իրավիճակ: Տղամարդկանց համար ավելի կարևոր է ֆորմալ տրամաբանությունը, հստակ պատճառահետևանքային կապը, կոնկրետ փաստերը և հակիրճությունը: Կանանց համար` խնդրի էմոցիոնալ-զգայական կողմը, մարդկային հարաբերությունների նրբությունները, ինչպես նաև ոչ վերբալ լեզուն` ժեստերը, ինտոնացիաները, միմիկան, հայացքը: Տղամարդիկ բառերին ավելի մեծ տեղ են տալիս: Խոսակցությունից եզրակացություններ անելիս կանայք ավելի հաճախ ուշադրություն են դարձնում ոչ թե ասածին, այլ դրան ուղեկցող ոչ վերբալ բաղադրիչին: Տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում այսպես կոչված ալեքսիտիմիան` սեփական էմոցիաները բառերի վերածելու դժվարությունը և միաժամանակ ակնարկներ հասկանալու անընդունակությունը: Մի փորձիր տղամարդուն որևէ բան բացատրել միայն տրամադրության, միմիկայի կամ ժեստերի միջոցով: Ավելի լավ է հստակ բացատրես, թե ինչ ես զգում ու ինչ ես ցանկանում, և շատ կոնֆլիկտներ կհարթվեն:

Տատյանա Ոզնեսենսկայա, Նյարդաբան, բ.գ.դ., պրոֆեսոր, նյարդաբանության և կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի բաժանմունքի գլխավոր գիտաշխատող:





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով (կին-տղամարդ շփում) | Ավելացրեց: erkusov.com (30.06.19)
Դիտումներ: 432 | Տեգեր: բարդ, (Video), դա, նրա, կարդա, էլ, մտքերը., այդքան, չէ | - Վարկանիշ -: 0.0/0