menu
person

Հոգեբանի աշխատանքային փորձից. «Բռնակալ ամուսինը»

 


 

   հոգեբան Նառա Պետրոսյան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նառա Պետրոսյան
 
Հոգեբանի աշխատանքային փորձից. «Բռնակալ ամուսինը»

Հոգեբանի աշխատանքային պրակտիկայից
Կինը՝ 44 տարեկան
Ամուսինը՝ 47տարեկան
Ամուսնացած են շուրջ 5 տարի: Ամուսինը գործարար է: Կինն ունի բարձրագույն կրթություն, սակայն խստաբարո ամուսինը թույլ չի տայիս նրան աշխատել, և կերջինս ստանձնել է տնային տնտեսուհու իր «երջանիկ» պաշտոնը: Ունեն երեք երեխա: Ամուսինը կնոջ համար «օրենսգիրք» է գրել, համաձայն որի էլ կինն ապրում է և իրավունք չունի որևէ կետ խախտելու: Նշեմ նաև այդ «օրենսգրքի» բովանդակությունը.

• Կինը իրավունք չունի առանց ամուսնու թույլտվության տնից դուրս գալու, նրան արգելված է միչև անգամ խանութ, ծնողների տուն գնալ կամ շփվել հարևանների հետ ...
• Հեռախոսով կարող է խոսել միայն ամուսնու կողմից թույլատրված մարդկանց հետ: Սկեսուրին պարտավոր է ծառայել իբրև խոնարհ հարս՝ կուլ տալով նրա վիրավորանքները: Հակառակ դեպքում խստորեն կպատժվի ամուսնու կողմից:
• Կնոջ պարտականությունների մեջ է մտնում ճաշ եփելը, երեխաներին, ամուսնուն խնամելը, տան մաքրությամբ զբաղվելը:

Այսքանով սահմանափակվում են կնոջ իրավունքները: Ամուսնու կարծիքով՝ ինքը ամենալավ ամուսինն է, քանի որ ֆինանսապես ապահովում է իր ընտանիքը՝ վերջինիս անդամներին ազատելով նյութական հոգսերից: Նշեմ նաև, որ շատ խիստ հայր է երեխաների համար:
Կնոջ համար ամուսինը բանկոմատ է, որի փողերը չգիտի նույնիսկ որտեղ և ինչպես ծախսել: Ամուսինը կնոջը դիտում է սոսկ որպես երեխաների մայր:
Ամուսնացել են սիրով՝ հաշվի չառնելով ընտանեկան ծայրահեղ տարբեր դաստիարակությունները:
Կինը կասկածում է ամուսնուն անհավատարմության մեջ. որոշ ժամանակ անց նա գտնում է ամուսնու սիրային հաղորդագրությունները, հարցնում է ամուսնուն այդ մասին՝ ի պատասխան լսելով վերջինիս խոստովանությունը: Ավելին, նա ասում է. որ լուրջ զգացմունքներ ունի այդ կնոջ հանդեպ, ոչ մի վատ բան չի տեսնում դրանում և գտնում է, որ կինը պետք է ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին որ նա կա:

Հոգեբանի աշխատանքային փորձից. «Բռնակալ ամուսինը»Համարելով, որ կինն արդեն գիտի իր սիրավեպի մասին, և թաքցնելն այլևս անիմաստ է, սկսում է բացահայտ սիրահետումը: Կինը, այլևս չկարողանալով տանել նվաստացումները, որոշում է դիմել հոգեբանի օգնությանը: Ամուսինը սիրով համաձայնում է օժանդակել նրան: Նրա կարծիքով կինն իրոք բուժման կարիք ունի: Արդյունքում կնոջ մոտ հոգեկան ապրումների հետևանքով առաջանում է նյարդային գերլարվածություն, հիստերիա ու դեպրեսիա:
Յուրաքանչյուրիս մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչու՞ կինը չի բաժանվում:
Նա վախենում է կորցնել երեխաներին, քանի որ ամուսինը ազդեցիկ անձնավորություն է և կարող է նրան զրկել երեխաներից:

Հոգեբանական խորհրդատվության ժամանակ կինը խոստովանում է, որ նույնիսկ պատրաստ է ինքնասպանության, միայն թե չապրի այն կյանքով, որով ապրում է:

Ամենակարևորն այստեղ կնոջ կյանքի իմաստը վերադարձնելն է, առանց որի անհնար է շարունակել ապրել: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ յուրաքանչյուր կին պետք է հարգի առաջինը ինքն իրեն և հետո պահանջի հարգանք դիմացինից: Հարկ է մեկընդմիշտ հիշել՝ ոչ մի զոհաբերության ու նվաստացման պետք չէ գնալ՝ ոտնահարելով սեփական ինքնասիրությունը, նույնիսկ հանուն երեխաների: երեխաները ծնողին ընկալում են այնպիսին, ինչպիսին որ նրան տեսնում են, իսկ տվյալ պարագայում խղճահարությունը ո՛չ հարգանք է, ո՛չ էլ սեր: Յուրաքանչյուր մարդ ապրում է մեկ կյանք, և այդ կյանքը պետք է ապրել արժանապատիվ ու գեղեցիկ:
Հաջողությունները, որոնց հասնում ենք կյանքի ընթացքում, մեր ձեռքբերումներն են: Եթե ճիշտ ծրագրես կյանքդ ու համառորեն շարժվես առաջ, ապա անպայման կհասնես այն հաջողությանը, որին ձգտում ես: Եթե դիմացինդ չի գնահատում քո արժանիքները, դա դեռ չի նշանակում, որ դու զուրկ ես դրանցից կամ անկարող ես ապրել առանց որևէ մեկի օգնության: Այս փորձությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է կամքի ուժ և համառություն, հավատացած եղե՛ք, որ դուք կհաղթահարեք բոլոր դժվարությունները:
Յուրաքանչյուրս պետք է փորձենք ելք գտնել և լուծել ընտանեկան խնդիրներն այնպես, որ չվնասենք ընտանիքը: Ամեն ինչ պետք է անել վերջինս կործանումից փրկելու և կորցրած երջանկությունը վերականգնելու համար, եթե գոնե մի փոքր հույս կա: Ցավոք, մեր այս պատմության մեջ չկար և ոչ մի նշույլ, որ մեզ թույլ կտար նոր իմաստ և շարունակություն հաղորդել այս հարաբերություններին: Վերոնշյալ տարբերակում, եթե կինը չամուսնալուծվեր, լուրջ հոգեբանական խնդիրներ կունենար:

Իսկ ինչ վերաբերում է նման ընտանիքներում ապրող երեխաներին, ապա նրանց հոգեվիճակը իրոք կարելի է խղճալի համարել, մի բան, որ ավելի ակնհայտ կդառնա հասունացման շրջանում:
Սիրելի՛ կանայք, հարսներ, աղջիկներ, սիրե՛ք և հարգե՛ք ինքներդ ձեզ, որպեսզի արժանանաք դիմացինի սիրուն և հարգանքին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/brnakalamusin2.jpg
Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (04.10.14) | Հեղինակ: հոգեբան Նառա Պետրոսյան W
Դիտումներ: 1841 | Տեգեր: ընտանիք, ընտանեկան երջանկություն, կին և ամուսին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *